Ինչպես ցույց են տալիս ԱԺ-ում այս պահին ընթացող քննարկման տրամաբանությունը և շեշտադրումները՝ խորհրդարականական մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցությունը չի պատրաստվում այսօր հանգուցալուծել վարչապետի ընտրության հարցը: Այսօր տեղեկություն է տարածվել նաև, որ ՀՀԿ–ական պատգամավոր Գրիգոր Ավալյանը վայր է դրել մանդատը: Այս տեղեկությունը հաստատված չէ, սակայն Ավալյանի բացակայությունն այսօրվա նիստից՝ ինքնին խոսուն է: Նա «Գրանդ տոբակո» ՍՊԸ-ի ֆինանսական տնօրենն էր եւ այդ ընկերության սեփականատեր Վարդանյան ընտանիքի ներկայացուցիչը ՀՀԿ-ում: Հիշեցնենք՝ Վարդանյան ընտանիքը եւս սատարում է «Իմ քայլը» շարժմանը, որը պայքարում է ՀՀԿ-ի դեմ: Այս ամենն արդեն իսկ վկայում է Հանրապետական կուսակցության կողմից այսօրվա ընտրությունները տապալելու մտադրության մասին:
Ի՞նչ է սպասվում Հայաստանին, եթե իրադարձությունները զարգանան հենց նման կերպ: Առաջին հերթին՝ ևս յոթ օր, որի ընթացքում բախվելու ենք ոչ միայն ներքաղաքական բարդ իրավիճակի, հեղափոխության նոր փուլի, այլ նաև արտաքին լուրջ գործոնների ազդեցությանը. սահմանային իրավիճակը չի կարող չմտահոգել՝ հատկապես հարևան երկրից մեզ հասնող տեղեկությունների ֆոնին՝ Ադրբեջանի Մեջլիսում Արցախի հարցով հատուկ նիստ հրավիրելու կոչեր են հնչում: Մի՞թե անվտանգության և կայունության մասին ամեն պահ թմբկահարող Հանրապետական կուսակցությունը չի գիտակցում պահի լրջությունը, չի հասկանում, որ քաղաքական կապրիզների ժամանակը չէ, որ կանգնած ենք ներքաղաքական ճգնաժամը ժամ առաջ հանգուցալուծելու հրամայականի առջև: Եթե Հանրապետականի համար իրոք կարևոր է Հայաստանի և Արցախի անվտանգությունը, ապա այսօր իսկ երկիրը պետք է ընտրված վարչապետ ունենա:Ցանկացած այլ քայլ Հանրապետականի կողմից՝ տանելու է իրավիճակի սրմանը և դիտարկվելու է իբրև ներկուսակցական, այլ ոչ թե համազգային շահերի սպասարկում: Սակայն մինչ այս պահը Հանրապետականը չի դրսևորում իր քաղաքական հավակնություններին բնորոշ քաղաքական ողջախոհություն, հակառակ դեպքում մենք ականատես չէինք լինի անիմաստ, անտրամաբանական հարցերի շարանի, որոնք ևս մեկ անգամ ի ցույց դրեցին մեր խորհրդարանում առկա պրիմիտիվիզմի և անպատասխանատվության աղաղակող մակարդակը:
Ստելլա Խաչատրյան