Բոլոր նրանք, ովքեր խոսում են ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության մասին, «կրակի հետ են խաղում»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Der Spiegel-ի լրագրող Քրիստիան Շուլտը:
Լրագրողի կարծիքով՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի այն հայտարարությունը, թե ՆԱՏՕ-ի անդամակցման հարցը հանրաքվեով կլուծի ուկրաինացի ժողովուրդը, ինչպես նաեւ Ենս Ստոլտենբերգի արտահայտություններն այն մասին, թե երկիրը կարող Է դառնալ դաշինքի անդամ, չեն օգնում «ո՛չ ՆԱՏՕ-ին, ո՛չ Էլ Ուկրաինային» եւ սոսկ նպաստում են դաշինքի պառակտմանը:
Շուլտը հիշեցնում Է, որ Ենս Ստոլտենբերգը, որը ՆԱՏՕ-ն գլխավորում Է 2014 թվականի հոկտեմբերի 1-ից, համարվում Էր ավելի խելամիտ եւ շրջահայաց քաղաքական գործիչ, քան նրա նախորդը՝ Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Առայժմ նրանց միջեւ ոչ մի տարբերություն չկա, կարծում Է լրագրողը՝ նշելով, որ դաշինքի մեկ այլ բարձրաստիճան ներկայացուցիչ՝ ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը, նույնպես բնավ չի նպաստում հակամարտության կարգավորմանը:
Ուկրաինական ճգնաժամի հենց սկզբից դաշինքն այն դիրքն Է բռնել, որի համաձայն հակամարտության ռազմական լուծում լինել չի կարող: «Եթե դա իրոք այդպես Է, ապա ավելի լավ Է, որ Ստոլտենբերգը, Բրիդլավը եւ նրանց ընկերախմբերը լռեն»,- եզրակացնում Է Շուլտը:
Նրա կարծիքով՝ Ուկրաինայի եւ ՆԱՏՕ-ի փոխգործակցության միակ ճիշտ տարբերակը համապատասխանում Է այն բանին, ինչպես այն տեսնում Է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը. գործընկերություն, բայց ոչ անդամակցում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: