Վրաստանի փրկարար ծառայության աշխատակիցներն Աջարիայում գտնվող Ցիխիսձիրի հանգստավայրի ափ են դուրս բերել երիտասարդ տղամարդու դի։ Տղամարդը կորել էր ծովում երեկ՝ օրվա երկրորդ կեսին: Այդ մասին հայտնում է Новости-Грузия-ն՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության մամուլի ծառյությանը:


Վրացական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ մահացած երիտասարդը Ռուսաստանում ապրող հայ էր: Նա ժամանել էր Աջարիա հանգստի համար:


Որոնողական աշխատանքներին ներգրավվել էին սուզորդներ և իրավապահներ:


«Մենք հաղորդագրություն ենք ստացել երեկ երեկոյան, և 10 փրկարարից բաղկացած խումբը սկսել է որոնողական աշխատանքներ իրականացնել: Այդ խմբի մեջ մտել են սուզորդներ, փրկարարներ, ինչպես նաև տեխնիկա, բայց շուտով մթնեց, և որոնողական աշխատանքների շարունակումն անհնար դարձավ: Մենք վերսկսեցինք աշխատանքներն այսօր առավոտյան և մոտ մեկ ժամ անց գտանք մարմինը»,- նշել են գործակալությունում:


ՆԳՆ-ի տվյալներով՝ հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի՝ ինքնասպանության հասցնելու մասին 115-րդ հոդվածով, ինչը պատժվում է մինչև 3 տարի ազատազրկման սահմանափակմամբ կամ 2-ից 4 տարի ազատազրկման ժամկետով:


Վրաստանի ՆԳՆ վերջին տվյալներով՝ Վրաստանի սևծովյան ափին արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության աշխատակիցները 2017 թվականին ծովային սեզոնի բացումից հետո փրկել են Վրաստանի և այլ երկրների մինչև 300 քաղաքացու: