Իշխանության համակարգում սկսվել է բավականին ուշագրավ մի գործընթաց այն բանից հետո, երբ խորհրդարանում հաստատվեց կառավարության ծրագիրը: Դրանից հետո սկսվել է կառավարության անվստահության շքերթ: Համենայնդեպս, իշխանության համակարգում հնչում է անվստահության արդեն երկրորդ հռչակագիրը, իհարկե՝ ոչ ուղղակի, սակայն խիստ թափանցիկ տողատակով: Սամվել Ֆարմանյանը պատրաստվում է առաջիկայում ԱԺ-ում ոչ ֆորմալ աշխատանքային խումբ ձևավորել և ներգրավել բոլոր այն մարդկանց, ովքեր Հայաստանում առկա ժողովրդագրական խնդիրը համարում են գերառաջնահերթություն: Ֆարմանյանի հայտարարություններում առանցքային է այն, որ նա առաջարկում է կառավարության գործունեության արդյունավետությունը չափել ոչ թե տնտեսական աճի ցուցանիշներով, այլ ժողովրդագրական միտումներով: Այսինքն՝ ՀՀԿ-ական պատգամավորը գործնականում առաջարկում է մի կողմ դնել կառավարության հաստատված ծրագիրը, քանի որ Հայաստանի գլխավոր խնդիրը ժողովրդագրական խնդիրն է: Անվիճելի է: Այստեղ ուշագրավը տողատակերն են:

Այսինքն՝ ստացվում է, որ Ֆարմանյանի գնահատմամբ՝ խորհրդարանում մեծամասնության հաստատած կառավարության ծրագիրը չի արտացոլում Հայաստանի գլխավոր խնդիրը: Ի՞նչ է դա, եթե ոչ անվստահություն կառավարությանն ու ծրագիրն: Խնդրի պարադոքսն այն է, որ եթե իսկապես Հայաստանում մշակվի դեմոգրաֆիական զարգացման ռազմավարություն, օրինակ՝ արտագաղթի հոսքերը կասեցնելու իմաստով, ապա օբեկտիվորեն՝ այդ ռազմավարությունը պիտի հանգի Սերժ Սարգսյանի՝ օր առաջ իշխանութունը լքելու անհրաժեշտությանը՝ եթե իհարկե, հանրապետական օլիգարխիայի ֆոնին լիբերալ դիրքավորվող երիտասարդ հանրապետականները չորոշեն, ասենք, փակել պետական սահմանները և այդ կերպ պայքարեն արտագաղթի դեմ: Իրականում՝ Սարգսյանի առնչությունը դեմոգրաֆիական ճգնաժամին, մասնավորապես՝ արտագաղթին, ոչ այնքան տնտեսական է, որքան քաղաքական: Կառավարման այն ոճը, որն ընտրել է Սարգսյանը, կառուցված է անհստակ խաղի կանոնների, անորոշության, համընդհանուր ապատիայի վրա: Սրանք հիանալի նախապայմաններ են, որպեսզի, օրինակ, բիզնեսը մոլորվի խաղի գրված և չգրված կանոնների բացակայության պայմաններում և որոշի դուրս հանել կապիտալը Հայաստանից: Հետևաբար, կարելի է ենթադրել, որ ստեղծվող աշխատանքային խումբը, որին, ի դեպ, արդեն իսկ պատրաստակամություն են հայտնել միանալ ԵԼՔ-ը և «Ծառուկյան» դաշինքը, այսինքն՝ խորհրդարանական ընդիմությունը, ընդամենը օրակարգի փոփոխություն է և նոր առաջնահերթության սահմանում: Այն իր սուր ծայրով ուղղված է լինելու Կարեն Կարապետյանի վարչապետական ամբիցիաների դեմ: Վերջերս շատ էր խոսվում այն մասին, որ աշնանն ակտիվանալու է Հայաստանի ներդրողների ակումբը և մենք ականատես կլինենք առաջին գործուն քայլերին: ՀՀԿ-ն փաստացի դիմում է հակաքայլի՝  փաստելով, որ այլևս կարևոր են ոչ թե տնտեսական ցուցանիշները, թվերը այլ ժողովրդագրական չափանիշները: Կարապետյանի դեմ լայն կոալիցիա ձևավորելուց բացի, ՀՀԿ-ն լուծում է նաև գաղափարական նոր վեկտորի ամրագրման խնդիրը, քանի որ «Ազգ-բանակ»-ը ավելի շատ հայեցակարգ է, և ավելի լավ բան, քան ժողովրդագրական ճգնաժամի լուծումը, չի գտնվի:

 

Ստելլա Խաչատրյան