2018-ի քաղաքական օրակարգը հագեցած է լինելու, իսկ գործող վարչապետ Կարեն Կարապետյանը լինելու է ապրիլյան արարի գլխավոր գործող անձանցից մեկը: Պաշտոնավարման ողջ ընթացքում նա փորձել է գործել կուլիսների հետեւում` հիմնականում գործարար շրջանակների հետ հարաբերվելիս իր ուղերձները ներկայացնելով, նաեւ փորձելով օժանդակություն ստանալ ՌԴ-ից:
Միաժամանակ՝ նա մի քանի անգամ PR նպատակով կազմակերպված հարցազրույցներում հայտարարել է 2018թ. ապրիլից վարչապետի պաշտոնը ստանձնելու պատրաստակամության, նաեւ այդ ժամանակ նոր Սահմանադրությամբ նախատեսված պահանջներին վերջապես համապատասխանելու մասին: Բայց Սերժ Սարգսյանի վերջին քայլերից հետո Կարեն Կարապետյանն ինքն էլ որոշել է ավելի սուր քարոզարշավ անցկացնել: Գործող վարչապետը, ով պաշտոնավարման ավելի քան մեկ տարվա ընթացքում իրեն դրսեւորել է որպես տնտեսության պատասխանատու` իրեն ակնհայտորեն հեռու պահելով մյուս ոլորտներից, այդ թվում՝ ուժային կառույցների հետ առնչվելուց, այցելել է ՊՆ, անգամ մասնակցել ՀՀ ռազմաարդյունաբերական հանձնաժողովի նիստին` քննարկելով գիտահետազոտական եւ փորձարարական ստրուկտուրական աշխատանքների՝ 2018 թ. ծրագիրը:
Երբ խոսք է գնում մենաշնորհների դեմ պայքարի և ազատ մրցակցություն ապահովելու մասին, վարչապետի թիմը թմբկահարում է բանանի թեման, կարծես` այս երկրում մենաշնորհները սկսվում և վերջանում են բանանով: Տողատակում Կարապետյանի մարդիկ իհարկե հասկացնում են, որ կառավարությունն անզոր է, որովհետև Հայաստանի տնտեսությունն օլիգոպոլ է: Արդարացումների ենթատեքստն այն է, որ օլիգարխներին Կարեն Կարապետյանը չի ստեղծել: Դա, իհարկե, ճիշտ է` Կարապետյանը, լավագույն դեպքում, նրանցից ընդամենը մեկն է, բայց ամբողջ խնդիրն այն է, որ Կարապետյանը չի ուզում նաև օլիգարխիայի դեմ պայքարել, այսինքն` կատարել վարչապետի գործառույթ: Ներդրումների մասին խոսելն ավելորդ է. երբ սեպտեմբերին կառավարությունը հրապարակեց ներդրումների վիճակագրությունը, պարզ դարձավ, որ իրենք այդ ամենը հաշվել են նոր մեթոդոլոգիայով, որպեսզի կարողանան մեծ աճ ցույց տալ: Մինչդեռ իրականում Հայաստանում այդքան օտարերկրյա ներդրում չէր արվել, դեռ ավելին՝ Հայաստանի հիմնական տնտեսական գործընկեր երկրներն իրենց կապիտալը հանել էին երկրից: Այս մասին ժամանակին շատ խոսվեց, եւ պատահական չէ, որ իշխանություններն այդպես էլ մանրամասն չեն ներկայացրել, թե ո՞ր երկրից, ո՞ր ոլորտում որքա՞ն ներդրում է արվել. նման հրապարակման դեպքում կպարզվեր իշխանական քարոզչության ողջ սնանկությունը:
Կարճ ասած, կառավարությունը զբաղված է ինքնախաբեությամբ՝ իրեն հույս տալով, թե լուրջ արդյունքներ է գրանցում: Օպտիմալացումը նույնպես չի կարող փրկել Կարապետյանի կառավարությանը, որովհետև այդ բառը որդեգրել են, դրա հիմքում դնելով կրճատումը: Իրականում օպտիմալացումը ճկուն, արդյունավետ, գործուն համակարգ ձևավորելն է: Իր հերթին ԱՄՀ-ի վերջին կանխատեսումները, որոնք ոչ մի լավ բան չեն խոստանում հայաստանյան տնտեսությանը, 2018-ի համատեքստում ճակատագրական կարող են լինել Կարեն Կարապետյանի քաղաքական հեռանկարի տեսանկյունից: 2018-ի հունվարի մեկից մեկնարկած գնաճի նոր ալիքը, որն ունի շարունակության բոլոր հիմքերը, ապրիլին լուրջ գլխացավանք է դառնալու Կարապետյանի համար:Հատկապես այն պարագայում, երբ կառավարության գործունեության արդյունավետության նշաձողը սահմանել է անձամբ Սերժ Սարգսյանը: Կառավարությունը հեռու է այդ նշաձողից: Կարեն Կարապետյանի, այսպես ասած, թույլ տեղը համարվում էր անվտանգության, արտաքին քաղաքականության ոլորտը, սակայն ինչպես երևում է՝ Կարապետյանը կարող է անսպասելի խնդիրներ ունենալ մի ոլորտից, որտեղից ամենից քիչն էր սպասում:
Ստելլա Խաչատրյան