Հայաստանը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից տարիներ անց հիշելու է հենց Կարեն Կարապետյանի կերպարը, նրա խոստումները և հատկապես ժպիտը, որով նա գերում էր համակարգի ավանդական դեմքերից կշտացած հասարակության ապաքաղաքականացված հատվածին ու որոշակի տարիք ունեցող կանանց:
 
Սակայն, իրադարձությունների ընթացքը ստիպում է մտածել՝ եթե այնպես ստացվի, որ այս տարվա ապրիլին Կարապետյանը հրաժեշտ տա վարչապետի պաշտոնին, ապա կստացվի, որ նա ընդամենը մեկ առաքելություն ուներ՝ լեգիտիմացնել Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությունը:
 
Ինչքան էլ Սերժ Սարգսյանը խոսել է ՀՀԿ-ին «նոր ոգի» հաղորդելու անհրաժեշտության մասին, Կարեն Կարապետյանը սխալ է հասկացել, առնվազն գերագնահատել է իր առաքելությունը գործընթացում, որովհետեւ «նոր ոգին» վերջնական հանգրվան է, իսկ մինչ այդ Սերժ Սարգսյանը նոր շունչ է հաղորդելու ներիշխանական մեծ ու փոքր դիմակայություններին, բաժանարար գծերին, ու գործող վարչապետին՝ լավագույն դեպքում, վերապահված է դառնալ իշխանության մի քանի կենտրոններից մեկի ղեկավար։ Սերժ Սարգսյանի ուժը, քաղաքական ֆենոմենը՝ հենց ներիշխանական հակասություններն իր շահերին ծառայեցնելու կարողության մեջ է։
 
Այս ճշմարտությունը ժամանակին չհասկացավ Տիգրան Սարգսյանը՝ 2014թ-ին մենակ մնալով ներիշխանական «պատերազմի» օրերին։ Այս իրողությունն առավել եւս չի հասկացել Կարեն Կարապետյանն, ով բարդ խաղի մեջ է մտել՝ տեխնոկրատների ամորֆ թիմով։
 
Կադրային հարցում Կարապետյանը խայտառակ ձախողվել է՝ հասարակությանը ներկայանալով ալթունյանների դեմքով։ Ընդ որում, սա ոչ միայն կառավարման արդյունավետության տապալում է կամ մենեջմենթի ձախողում, այլ կանխորոշել է վարչապետի պարտությունը ներիշխանական հարաբերություններում։
 
Նույնիսկ ՀՀԿ-ն՝ իր կադրային անորակությամբ, շատ ավելի կենսունակ է, քան «քաղքենիների» գործող Կառավարությունը։
 
«Նոր ոգին» նշանակում էր Սերժ Սարգսյանի իշխանության փոխանցումը Կարեն Կարապետյանին: «Նոր ոգին» նշանակում էր, որ Սարգսյանը Կարեն Կարապետյանի միջոցով իրականացնելու է ՀՀԿ տրանսֆորմացիան, նախապատրաստելով կուսակցությանը այն նոր փուլին, որ կհաջորդի ներկայիս անցումային շրջանին և միջանկյալ խորհրդարանին: Իսկ դա արդեն նշանակում է, որ կուսակցությունը ենթակա էր լինելու ստատու-քվոյի էական փոփոխությունների, պարզապես դրանք կախված են այն բանից, թե Սերժ Սարգսյանը որքան արագ կավարտի այսպես ասած բազմաբևեռ իշխանական կամ կառավարման համակարգի ձևավորումն ու եռակցումը, այդպիսով ապահովելով «ավտոպիլոտ» ռեժիմի հնարավորինս կայուն աշխատանք, ինչը թույլ կտա արդեն անմիջականորեն ձեռնամուխ լինել ներկուսակցական ապամոնտաժումների և վերակառուցումների: ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրելով Արմեն Սարգսյանի թեկնածությունը՝ Սերժ Սարգսյանը լուրջ հարված է հասցնում առաջին հերթին Կարապետյանի վարկանիշին և մինչ օրս ձևավորված իմիջին: Քաղաքական դաշտ է մտնում նոր խաղացող, ով արդեն հին ոգի դարձած Կարապետյանին կարող է ձեռնոց նետել, հատկապես որ իր իմիջային առավելությունը վարչապետը այդպես էլ չվերածեց քաղաքական կապիտալի:
 
Այժմ առաջին դեմքերի պայքարում Կարապետյանը կորցնում է վաղեմի դիրքերը, իսկ սա նշանակում է ներիշխանական համակարգում սկզբունքորեն նոր իրավիճակ է հաստատվում:
 
Ստելլա Խաչատրյան