5-ամյա «օրենքով գող» Արտյոմ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել և կալանավորվել է:
«Փաստինֆո»–ի այս տեղեկությունը հաստատել են Քննչական կոմիտեից՝ հավելելով, որ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով, ինչպես նաև՝ 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախօրեին նրան կալանավորվելու վերաբեյալ ներկայացված միջնորդությունը դատարանը բավարարել է:
Նշենք, որ Ղազարյանը սպանության փորձի մեղադրանքով հետախուզման մեջ էր գտնվում հուլիսի 2-ից, և նրան հայտնաբերել են Երևանում՝ օգոստոսի 18-ին:
Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Գյումրիում կրակոցներ էին հնչել, և նույն օրը ուշ երեկոյան որովայնի շրջանում հրազենային վնասվածքով Գյումրու բժշկական կենտրոն էր տեղափոխվել 1987 թվականի ծնված Գեորգի Հակոբյանը:
Հարուցվել էր քրեական գործ և քննություն էր տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքները և մասնակիցներին պարզելու ուղղությամբ:
Ըստ տեղեկությունների՝ տուժողը հանդիսանում է Ախուրյանի տարածաշրջանի նախկին դատախազ Հակոբ Հակոբյանի որդին:
Դեպքից հետո տեղեկություններ շրջանառվեցին, որ վաղամեռիկ դատախազ Հակոբ Հակոբյանն «օրենքով գող» Զապի՝ Անդրանիկ Սողոյանի և նրա քրոջ որդու՝ Արտյոմ Ղազարյանի հետ լուրջ հակամարտության մեջ է եղել:
Իսկ բուն կրակոցների պատճառն էլ իբր թե հանդիսացել է «օրենքով գող» թագադրվելու հարցը:
Այսպիսով, Գյումրիում հնչած կրակոցների մասնակից են եղել Արտյոմ Ղազարյանը, 1986 թ. ծնված Կարեն Սարգսյանը և տուժողը՝ 30-ամյա Գեորգի Հակոբյանը:
Կատարված քննության ընթացքում՝ դեպքից օրեր անց՝,սպանության փորձին օժանդակելու կասկածանքով կալանավորվել էր Կարեն Սարգսյանը, ով նախկինում դատապարտվել է գողության համար: