«Սասնա Ծռեր»-ի գործով օգոստոսի 23-ի դատական նիստի ընթացքում դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշում կայացրեց ամբաստանյալներից Արեգ Կյուրեղյանի շահերի պաշտպան ներգրավել հանրային պաշտպաններից Արմինե Ֆանյանին, որն այդ գործով պաշտպանում է ամբաստանյալներից մեկ ուրիշի՝ Արմեն Բիլյանի շահերը: Արմինե Ֆանյանը դատարանում հայտարարեց, որ ինքը չի ցանկանում պաշտպանել Արեգ Կյուրեղյանի շահերը, քանի որ վերջինս չի հրաժարվել իր պաշտպաններից և չի ցանկանում նոր պաշտպան ունենալ:
Պաշտպանները ցանկանում էին դատարանին միջնորդություն ներկայացնել, սակայն դատարանը թույլ չտվեց նրանց խոսել:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատական սանկցիա կիրառեց ամբաստանյալներից Սեդրակ Նազարյանի և Էդվարդ Առաքելյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանի նկատմամբ:
Պաշտպան Լուսինե Սահակյանը ցանկանում էր միջնորդություն ներկայացնել, սակայն դատարանը թույլ չտվեց՝ նշելով, որ փաստաբանն այս փուլում չի կարող միջնորդություններ ներկայացնել: Փաստաբանն էլ նշեց, որ միջնորդություններ ներկայացնելու համար հատուկ փուլ նախատեսված չէ և փորձեց ներկայացնել իր միջնորդությունը:
Դատարանը փաստաբանի նկատմամբ սանկցիա կիրառեց նախազգուշացման տեսքով, որից հետո որոշում կայացրեց դիմել փաստաբանների պալատ՝ փաստաբանին պատասխանատվության ենթարկելու պահանջով:
Փաստաբանները բոյկոտեցին դատական նիստը՝ լքելով դատական նիստերի դահլիճը:
Ըստ փաստաբանների՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանը խախտում է դատավարական օրենսգիրքը և անօրինական գործողություններ անում: