Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն ամփոփեց աշխարհի առաջնությունում հայ մարզիկների գրանցած արդյունքները:
«Բնական է, որ երկու ոսկե մեդալից շատ գոհ եմ: Որոշ քաշային կարգերում էլի սպասելիքներ ունեինք, սակայն մեծ սպորտում լինում են սայթաքումներ: Այդ մասին դեռ պետք է մտածենք: Իմ կարծիքով Մաքսիմ Մանուկյանի հաղթանակն էլ պետք է սպասված լիներ: Նա տարիներ շարունակ միշտ մոտ էր մեդալներին: Նա կարողացավ քաշը ճիշտ կարգավորել և առավելություն ստանալ հակառակորդների նկատմամբ: Արթուր Ալեքսանյանը վաղուց ապացուցել է, որ իր քաշում լավագույնն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ջուլֆալակյանը:
Հավաքականի գլխավոր մարզչի խոսքով՝ գործող օրենքները բացասական են անդրադառնում մարզաձևի վրա: «Դեռևս պայքար է գնում միջազգային ֆեդերացիայի տարբեր կողմերի հետ: Ամերիկացիները ուզում են, որ մնան այս կանոնները, քանի որ գոտեմարտել ընդհանրապես չգիտեն: Նրանց ճնշում են և ըմբշամարտի շատ երկրներ պայքարում են, որ օրենքները փոխվեն: Եթե որոշումը բացասական լինի, ապա նման մոտեցման դեպքում կարող է արգելվել նաև Օլիմպիական խաղերի մասնակցությունը»,- շեշտեց Ջուլֆալակյանը:
Փարիզում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունն ավարտվեց: Լևոն Ջուլֆալակյանի գլխավորած թիմը հավաքեց 28 միավոր և թիմային հաշվարկում գրավեց 6-րդ տեղը: Հայաստանի հավաքականը նվաճեց երկու ոսկե մեդալ: Աշխարհի չեմպիոններ դարձան 80 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը և 98 կգ քաշային օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: