Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը նորմալ է գնահատում ընտրանու մասնակցությունը Ֆրանսիայի մրցաշարին:

«Հավաքականը միջազգային առաջին մրցաշարին մասնակցեց 7 ըմբիշով, որոնցից 6-ը մեդալակիրներ դարձան: Իսկ ինչ վերաբերում է Մաքսիմ Մանուկյանի ելույթին, ապա մենք ի սկզբանե չէինք պլանավորել նրա մասնակցությունը, սակայն մարզիկն անձամբ ցանկացավ մասնակցել, բայց լիարժեք պատրաստ չէր»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց մարզիչը:

Ջուլֆալակյանի խոսքով` ընդհանուր առմամբ թիմը ոչ լիարժեք պատրաստվածությամբ էր մասնակցում, սակայն բոլոր թիմերն էլ այս շրջանում այդ վիճակում են: «Մեր գլխավոր նպատակը Ֆրանսիայի մրցաշարին ոչ թե լավագույնս պատրաստվելն էր, այլ լավ ներկայանալը Եվրոպայի և աշխարհի առաջնություններին: Նորմալ մասնակցություն էր»,-շեշտեց նա:

Տարվա առաջին մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից ոսկե մեդալակիրներ դարձան Արսեն Ջուլֆալակյանը, Ռուդիկ Մկրտչյանը, Կարեն Ասլանյանը և Հրանտ Կալաչյանը: Բրոնզե մեդալ նվաճեցին Գևորգ Ղարիբյանն ու Արթուր Շահինյանը: