Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը լրագրողների հետ զրույցում ամփոփեց Փարիզում տեղի ունեցած Աշխարհի առաջնությունը:
Ջուլֆալակյանը հավաքականի ելույթները դրական գնահատեց՝ նշելով, որ գոհ է մարզիկների ցուցադրած ելույթներից:
Մարզիչը հավելեց, որ Կարեն Ասլանյանը շատ լավ գոտեմարտ անցկացրեց: Արդյունքն էլ գովելի է (աշխարհի առաջնության 5-րդ տեղ): Ջուլֆալակյանը նշեց, որ գոհ է նաև Կարապետ Չալյանի ու Արթուր Շահինյանի ելույթներից:
Աշխարհի չեմպիոններին անդրադառնալիս՝ մարզիչն ասաց.
«Արթուր Ալեքսանյանը կրկին մեր բոլոր սպասելիքները արդարացրեց: Արթուրն ամբողջ աշխարհին կարողացավ ապացուցել, որ այդ քաշային կարգում ինքը լավագույնն է: Բոլորս հպարտանում ու ուրախանում ենք:
Մաքսիմ Մանուկյանը գոտեմարտերն անցկացրել է շատ գեղեցիկ, տեխնիկական բազմակի հնարքներով: Նրա գոտեմարտերը տեսնելով, UWW-ն հավանաբար, նորից փոշմանի օրենքները փոխել, բայց չի կարող պատկերացնել, որ նման տաղանդներ, նման մարզիկներ քիչ են լինում, որ կարողանում են նման տեխնիկական հնարքներով հասնել հաջողությունների և հաղթանակների: Բոլորը հիացած էին: Ալեքսանյանի և Մանուկյանի գցումները համարվեցին ամենագեղեցիկն ու հետաքրքիրը: Մեր մեդալները և հաջողությունը կարելի է համարել գերազանց: Եթե համարենք, որ ամեն ինչ իդեալական է, ուրեմն աշխատանքը դադարեցված է: Պետք է միշտ աշխատենք գտնել մեր բացթողումները՝ հաջորդ անգամ նույնը չկրկնելու համար»,- ասաց մարզիչը: