Հայաստանի ըմբշմարտի ազգային հավաքականը լուրջ տրամադրվածությամբ է մեկնում աշխարհի առաջնությանը, սակայն վերջնական կազմը դեռ հայտնի չէ: Այս մասին լրագրողների հետ հանդիպան ժամանակ փաստեց ազգային թիմի գլխավոր մարզիչ, Օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը: Վերջինս նախ շնորհավորեց բոլոր մարզական լրագրողներին' մասնագիտական տոնի կապակցությամբ:
«Մենք գերազանց մարզավիճակում չէինք Դորտմունդի մրցաշարում, սակայն մեծ հաջողության հասանք: Մեր մտավախությունը նրանում էր, որ 6 քաշային կարգում հաղթելը լուրջ հայտ էր, մենք լուրջ տրամադրությամբ ենք մեկնում աշխարհի առաջնությանը»,- փաստեց Ջուլֆալակյանը:
Խոսելով Գերմանիայում կայացած մրցաշարի մասին՝ գլխավոր մարզիչը շեշտեց. «Դորտմունդում կայացած մրցաշարին մասնակցության հիմնական նպատակն այն էր, որ սա մեր վերջին միջազգային մրցաշարն էր աշխարհի առաջնությունից առաջ: Հետաքրքիր էր, թե հավաքականի ըմբիշներն ինչ մարզավիճակում էին: Այս մրցաշարը լավագույններից մեկն էր միջազգային ասպարեզում: Հիմնականում գոհ եմ տղաների արդյունքներից»:
Անդրադառնալով ըմբշամարտի հավաքականի ծանր քաշային կարգին՝ Ջուլֆալակյանը ընդգծեց, որ ծանր քաշային կարգում Հայաստանն ունի մարզիկներ, ում ապագան խոստումնալից է: «Աշխարհի առաջնությունում ծանր քաշային կարգում թերանում ենք, սակայն ունենք երիտասարդ մարզիկ, ով հեռանկարային է»,- ասաց մարզիչը:
Ջուլֆալակյանը խոսեց նաև Ռոման Ամոյանի մասին' մասնավորապես փաստելով. «Ամոյանը անցած տարի հին քաշային կարգում կարողացավ արդյունքի հասնել: Նոր քաշային կարգում կարող է դժվար լինել, սակայն նա լուրջ է տրամադրված և նպատակասլաց է»:
Ըմբշմարտի Հայաստանի հավաքականը հուլիսի 5-ին մեկնում է Ղրիմ, այնուհետ հավաքների կմեկնի Բելառուս, ապա կգա Երևան: Աշխարհի առաջնությունը կկայանա սեպտեմբերի 8-14-ը Ուզբեկստանում:
Դորտմունդում կայացած մրցաշարում Հայաստանի հավաքականը 8 քաշային կարգում հաղթող դարձավ 6 քաշային կարգում: