Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը հաղթահարեց առցանց անցկացվող արագ շախմատի Airthings Masters մրցաշարի փլեյ-օֆֆի առաջին արգելքը և մտավ կիսաեզրափակիչ:

Ամերիկացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրայի հետ այսօր կայացած 2-րդ փուլի առաջին երկու պարտիաներում մեր շախմատիստը հաղթանակ տարավ և նվազագույնը ապահովեց ոչ-ոքի արդյունք: Լևոն Արոնյանը քանի որ երեկ կայացած 1-ին փուլում հաղթել էր 2,5:1,5 հաշվով, ապա նա նվաճեց հաջորդ փուլում հանդես գալու իրավունք:

Կիսաեզրափակիչում մեր շախմատիստը կհանդիպի Մաքսիմ Վաշյե-Լագրավ – Վեսլի Սո զույգի հաղթողի հետ: Այդ փուլի մրցամարտերը կկայանան դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ին:

Այսօր մեծ անակնկալ մատուցեց ռուսաստանից գրոսմայստեր Դանիլ Դուբովը, որը 2,5:0,5 հաշվով հաղթեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենին և երկու մրցամարտերի արդյունքներով նույնպես մտավ կիսաեզրափակիչ փուլ: