Երեկ Բրազիլիայի «Մարականա» մարզադաշտում տեղի ունեցավ Աշխարհի 2014 թվականի առաջնության եզրափակիչ Գերմանիա-Արգենտինա հանդիպումը: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի: Լրացուցիչ ժամանակի երկրորդ խաղակեսում՝ 113-րդ րոպեին, Գերմանիայի հավաքականի կազմում փոխարինման դուրս եկած կիսապաշտպան Մարիո Գյոտսեն դարձավ հաղթական գոլի հեղինակ:

 

Աշխարհի առաջնության ընթացքի, Գերմանիայի՝ չեմպիոն դառնալու, ոչ ֆավորիտ հավաքականների ցուցադրած գեղեցիկ խաղի և բուքմեյքերական կանխատեսումների, Մեսսիի՝ լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու վերաբերյալ իրենց տեսակետները Լուրեր.com-ի հետ զրույցում հայտնեցին քաղաքական դաշտի ներկայացուցիչները: 


«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանի  համար Գերմանիայի հաղթանակն անակնկալ չէր. արդյունքն իր համար կանխատեսելի էր դեռ խաղերի սկզբից: «Այս խաղն ինձ համար առանձնահատուկ էր նրանով, որ ոչ ֆավորիտ թիմերը, թեև եզրափակիչ դուրս չեկան, բայց աշխարհին նոր խոսք ասացին: Ըստ էության, այդ ոչ ֆավորիտ թիմերից շատերն ավելի լավ խաղացին, քան մինչև կիսաեզրափակիչ հասած շատ թիմեր: Ես՝ ինքս, տարիներ շարունակ Բրազիլիայի երկրպագուն եմ եղել, բայց այն խաղը, որը ցույց տվեց Բրազիլիան, կապ չուներ Պելեի և մյուսների ներդրած մշակույթի հետ: Դրա համար առաջին խաղը տեսնելուց ես հայտարարեցի, որ Գերմանիայի հավաքականին եմ երկրպագելու: Գերմանիայի հավաքականն, ի տարբերություն մյուսների, ունի առանձնահատկություն՝ իրականում ցույց է տալիս, թե ինչ է նշանակում հավաքական բառը: Գերմանիայի հավաքականում թիմային խաղը ես տեսա մինչև վերջին պահը: Թեև Արգենտինան էլ լավ խաղաց, բայց ես այդպես էլ կանխատեսել էի, որ Գերմանիան կդառնա աշխարհի չեմպիոն»,- ասաց կուսակցության խոսնակը:


Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանիկարծիքով՝ Գերմանիան հաղթանակի արժանի էր:

 

«Ընդհանուր առմամբ, Աշխարհի առաջնությունը շատ ուժեղ չէի համարի: Եթե անկեղծ լինենք, շնորհիվ մեկ ֆուտբոլիսի՝ Արգենտինան հասավ եզրափակիչ: Դա Լիոնել Մեսսին է, ով բոլոր ժամանակների աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Գերմանիայի հաղթանակը տրամաբանական էր և կարելի է ասել՝ ճիշտ»,- ասաց Եգանյանը: Վերջինիս կարծիքով՝ Մեսսիին լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացնելը ևս ճիշտ որոշում էր: «Նա կարողացավ իր հետևից տանել ամբողջ Արգենտինայի հավաքականը: Նրա փոխանցումների կամ գոլերի շնորհիվ էր, որ Արգենտինայի հավաքականը կարողացավ անցնել հաջորդ փուլ: Թիմային խաղ Արգենտինան չուներ, ուներ Մեսսի, ում գերմանացիները եզրափակչում կարողացան փակել և ի վերջո՝ հաղթանակ տանել»,- ասաց նա: 


ԲՀԿ մամուլի խոսնակ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ֆուտբոլասեր չէ, սակայն փոքր-ինչ հետևել է Աշխարհի առաջնության խաղերին: «Ես դիտում եմ բացառապես այն խաղերը, որոնց մասնակցում է Հայաստանի հավաքականը, այն էլ, ոչ թե ֆուտբոլային, այլ հայրենասիրական զգացումներից ելնելով: Այս առաջնությունը, այնքանով, որքանով ես ուշադրություն դարձրի, աչքի ընկավ անկանխատեսելիությամբ, իսկ ավելի ճիշտ՝ բուքմեյքերական կազմակերպությունների՝ չափից դուրս շահավետ գործունեությամբ»,- նկատեց նա: 

 

ԲՀԿ խոսնակի կարծիքով՝ ցանկացած թիմ, որն իրեն լավ և արհեստավարժ է դրսևորում, դառնում է հաղթանակի արժանի:


ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը երկրպագում էր Արգենտինայի հավաքականին: «Ցանկանում էի, որ Արգենտինան հաղթեր: Մեսսիի խաղը շատ ավելի հրապուրիչ և շատ ավելի գեղեցիկ խաղ էր: Բայց դե ֆուտբոլ է, մեկը հաղթում է, մյուսը՝ պարտվում: Կարևորը, կարծում եմ, որ երզրափակչի խաղը գեղեցիկ ստացված խաղ էր՝ ի տարբերություն մյուս խաղերի: Ընդհանուր առմամբ, գոհ ենք, Աշխարհի առաջնությունն այս ամռան օրերին հաճելի, գեղեցիկ, ժամանակներ, պահեր պարգևեց»,- ասաց Սահակյանը:



Ազատուհի Արասխանյան