Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանի կարծիքով՝ աշխարհի առաջնությունում մրցավարական սխալի պատճառով իրենից գողացել աշխարհի առաջնության մեդալը:
«Իմ կարծիքով ես պետք է մեդալ ունենայի աշխարհի առաջնությունից: Մրցավարությունից խոսելով՝ ոչ մի լավ բան չեմ կարող ասել: Պետք է վերջ տրվի այս անօրենությանը: Կցանկանայի դիմել Հայաստանի օլիմպիական կոմիտեին, ըմբշամարտի ֆեդերացիային, որ ինչ-որ բան արվի այս ուղղությամբ: Սա առաջին անգամը չէ: Եվ ես սա չեմ ասում, ի պաշտպանություն ինձ, այլ ակնհայտ է, որ այս ամենը լավ ավարտի չի ունենա: Ես եզրափակչի իսկական մասնակից պետք է լինեի: Իմ մեդալը գողացան: Գոնե հաջորդ անգամ մրցավարությունն արդար լինի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում ասաց Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիրը:
Հարությունյանի խոսքով՝ այժմ իրեն հանգստանալ է պետք թե ըմբշամարտից և թե աշխարհի առաջնության անց ու դարձից: «Օլիմպիական խաղերն իմ երազանք են և պետք նախապատրաստվեմ այդ խաղերին, քանի որ արդեն վարկանիշ եմ վաստակել»,-ասաց Միհրանը:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը պարտվեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար պայքարում: Բրոնզե մեդալի համար պայքարում Հարությունյանը պայքարում էր Եվրոպական խաղերի եզրափակչի մրցակից Արտյոմ Սուրկովի հետ: Թեպետ Հարությունյանը առաջին մրցափուլից հետո պարտվում էր 2-0 հաշվով, սակայն լավ գլորումների շնորհիվ հայ ըմբիշը հավասարեցրեց հաշիվը: Սակայն մրցավարների թեթև ձեռքով Սուրկովին տրվեցին մի քանի միավոր և վերջինս դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդա լակիր: