Գերմանական Դորտմունդ քաղաքում հունիսի 28-29-ը կկայանա հունահռոմեական ըմբշամարտի միջազգային ներկայացուցչական մրցաշար, որին Հայաստանը կներկայանա 11 ըմբիշով: Գորգ կելնեն 20-ից ավելի երկրների ուժեղագույն ըմբիշներ:
Դորտմունդում իրենց հնարավորությունները կփորձեն օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի բազմակի չեմպիոն և աշխարհի բազմակի մեդալակիր 59 կգ քաշային Ռոման Ամոյանը և երիտասարդների աշխարհի առաջնության հաղթող 59 կգ քաշային Կարեն Ասլանյանը, 66 կգ քաշային Արամ Ջուլֆալակյանը, 71 կգ քաշայիններ Ռաֆայել Ալեքսանյանն ու Վարշամ Բորանյանը, օլիմպիական արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն և աշխարհի բազմակի մրցանակակիր Արսեն Ջուլֆալակյանը, 81 կգ քաշայիններ Ռաֆիկ Մանուկյանն ու Հրաչ Հովհաննիսյանը, 85 կգ քաշայիններ Արթուր Շահինյանն ու Մաքսիմ Մանուկյանը և օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն ու աշխարհի արծաթե մեդալակիր 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը:
Այս մասին տեղեկացնումէ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: Հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը հայտարարել է, որ այս մրցաշարի արդյունքներով կկազմավորվի այն հավաքականը, որը կմասնակցի սեպտեմբերի 6-14-ը Տաշքենդում կայանալիք աշխարհի առաջնությանը: