ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից
«Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակա-գիտական համալսարան»
ՊՈԱԿ-ում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2016թ. դեկտեմբերին
համալսարանում անցկացված տարեկան գույքագրման արդյունքում արձանագրվել է
համալսարանի աշխատակիցներին հանձնված գույքի ընդհանուր 30.209.096,9 ՀՀ
դրամի չափով պակասուրդ:
 
Բացի այդ, պարզվել է, որ 2009-2015 թվականներին համալսարանի իրավասու
պաշտոնատար անձինք գույքագրումներն անցկացրել, ինչպես նաև պակասուրդ
ապրանքների հաշվապահական ձևակերպումներն իրականացրել են ոլորտը կարգավորող
իրավական ակտերի խախտումներով, ինչը հանգեցրել է նրան, որ պակասորդ գույքը
տարիներ շարունակ չի հայտնաբերվել:
 
Նկատի ունենալով, որ հայտնաբերված ընդհանուր՝ 30.209.096,9 ՀՀ դրամ
արժողության միջոցների պակասուրդի փաստն առերևույթ պարունակում է յուրացման
կամ վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու
հանցագործության, իսկ իրավասու պաշտոնատար անձանց ոչ պատշաճ
գործողությունները՝ պաշտոնեական անփութության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր
դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական
օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 315-րդ հոդվածի 1-ին
մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական
գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: