Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ ընդունել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին, ինչպես և ակնկալվում էր հանդիպման ընթացքում Միլսը հերթական անգամ բարձրաձայնեց Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության և կարևորության մասին: Նա ողջունեց հակակոռուպցիոն խորհրդի ստեղծման փաստը, սակայն ակնհայտ է, որ արևմուտքին անհրաժեշտ են ոչ թե ձևական ինստիտուտներ, այլ իրական գործընթաց և գործնական քայլեր: Այդ քայլերը արձանագրելու համար ամերիկյան կողմը դեռ երկար կսպասի, քանի որ հայաստանյան իշխանական համակարգում տեղ գտած նոր ոգին շատ արագ զիջեց իր տեղը հին՝ քրեաօլիգարխիկ բազիսին, որի վրա էլ հիմնված է ողջ իշխանական բուրգը: Միլսը փաստացի Կարեն Կարապետյանից ակնկալում է, որ վերջինս կկտրի այն ճյուղը, որի վրա նստած է: Վարչապետը կարող է որքան ուզեք հայտարարել, թե իշխանությունները ունեն վճռականություն՝ գործարար միջավայրը բարելավելու, կոռուպցիայի դեմ պայքարելու հարցերում, քանի որ այդ ամենը պարզապես անհրաժեշտություն է տնտեսության զարգացման համար:
Այո, այդ ամենը անհրաժեշտ է, և թերևս տնտեսությունը չի զարգանում հենց այն պատճառով, որ այդ վճռականությունը միայն խոսքի վրա է: Իրականում էական չէ, թե ով ի վերջո կհաջողի Սերժ Սարգսյան-Կարապետյան ներհամակարգային դիմակայությունում, որովհետև նրանցից ով էլ հաջորդ տարի զբաղեցնի վարչապետի պաշտոնը՝ քրեաօլիգարխիկ համակարգը վերարտադրվում է, ընդ որում՝ Կարեն Կարապետյանի պարագայում ստանալով «արհեստական շնչառություն»: Մինչդեռ եթե հիշում եք, Կարապետյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում բազմիցս էր խոստացել պայքարել օդիոզ կերպարների դեմ, որոնք աղավաղում են քաղաքական համակարգի դիմագիծը: Ինչևէ, դա Կարապետյանի ոչ առաջին, ոչ էլ վերջին չիրականացված խոստումն է: Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի պայքարը ոչ թե համակարգը փոխելու, այլ գործող` քրեաօլիգարխիկ համակարգը վերահսկելու առանցքի շուրջ է: Այս առումով` մեր հասարակությունը պետք է ձերբազատվի ավելորդ պատրանքներից, սին հույսերից: Ինչպե՞ս պետք է Կարեն Կարապետյանը պայքարի կոռուպցիայի դեմ, երբ մեր տնտեսության զարգացման միակ հույսը ռուսական քրեական օլիգարխիայի փողերն են: Իրավիճակը փաստորեն չի փոխվում, չենք տեսնում ոչ ներդրումները, ոչ ներդրումային ոլորտում համակարգային փոփոխությունները: Այս առումով Կարեն Կարապետյանին իրոք չես նախանձի, քանի որ նա իրականում հայտնվել է երկու քարի արանքում:
Ստելլա Խաչատրյան