ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ ոչ հերքել է, ոչ էլ հաստատել մամուլում հայտնված տեղեկությունները, որ Հայաստանի ԶՈՒ ուժերը խաղաղապահ զորք են ուղարկելու Սիրիա, և որ այդ հարցի շուրջ ՌԴ-ի հետ քննարկումներ են ընթանում: Պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյո՞ք խոսքն այն ծրագրի մասին է, որը քննարկվում էր դեռևս Վիգեն Սարգսյանի պաշտպանության նախարար եղած ժամանակահատվածում, Գաբրիել Բալայանն ասել է` ոչ: Ըստ փոխնախարարի՝ ՌԴ-ի հետ քննարկվող-իրականացվող համատեղ հումանիտար ծրագիրը աննախադեպ է, նախկինում՝ այդպիսի հարց չի քննարկվել:
 
Դեռևս անցած տարի ՀԱՊԿ մշտական խորհրդում քննարկվել է Սիրիա խաղաղապահներ ուղարկելու հարցը: Ռուսաստանի պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Շամանովը այն ժամանակ հայտարարել էր, որ Սիրիա խաղաղապահներ ուղարկելու նպատակով Մոսկվան բանակցություններ է վարում Ղազախստանի ու Ղրղըզստանի հետ: Այնուհետև մամուլում հայտնվեցին տեղեկություններ, որ Հայաստանը պատրաստվում է խաղաղապահ բրիգադ գործուղղել Սիրիա, ինչը շատերի կողմից դիտարկվեց իբրև պրեսինգ Կրեմլի կողմից՝ Հայաստանի այն ժամանակվա իշխանությունների հանդեպ: Մյուս կողմից հասկանալի է, որ ՀԱՊԿ մյուս գործընկերները չեն շտապում գլխակորույս մասնակցել այդ հումանիտար ծրագրին, և կրկին Ռուսաստանի կողքին միայն Հայաստանն է:
 
Սակայն չի բացառվում, որ հումանիտար նախագծի վերոնշյալ բովանդակության իրականացումը մեծ դժգոհության պատճառ դառնա, քանի որ արդեն որոշ հայաստանյան փորձագետներ հիմնավոր մտավախություններ են հայտնել այս ծրագրի իրականացման ոչ նպատակահարմարության և վտանգների մասին: Ավելին, երեք տարի առաջ Հայաստանում լուրջ քննադատությունների արժանացավ ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստը, որը ղեկավարել էր Յուրի Խաչատուրովը, և որի ընթացքում կոմիտեն միաձայն աջակցել էր Սիրիայում Ռուսաստանի գործողություններին: Ըստ քննադատների` Հայաստանն այդ աջակցությամբ իրեն թիրախ է դարձնում Ասադի վարչակարգի դեմ պայքարող ահաբեկչական խմբավորումների համար: Բացի այդ դժվար չէ գլխի ընկնել` ինչպես կարձագանքի Վաշինգտոնը, երբ իմանա, որ հայ մասնագետները Սիրիա են մեկնում։ Մի քանի ամիս առաջ, երբ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խոսեց Սիրիայում Ռուսաստանի կառուցողական դերակատարության մասին, ԱՄՆ–ի դեսպանատանն ասացին, որ համամիտ չեն նման տեսակետի հետ։ Սակայն ինչո՞ւ հենց հիմա և ամենակարևոր հարցը՝ ինչո՞ւ ընդհանրապես: Արդյո՞ք այս քայլը Հայաստանի նոր իշխանությունների ժեստն է Մոսկվային, որը ուղղված է հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածության թոթափմանը, թե՞ Մոսկվան ինքն է Հայաստանին հենց այս գինը ներկայացրել, օրինակ՝ ՀԱՊԿ մեղմ ասած փչացրած իմիջի համար…