Հայաստանի քաղաքական, իսկ ավելի շատ՝ հասարակական գործիչների մեջ մի շրջանակ կա, որի համար վերջին 1-2 տարում ճշմարտության գագաթնակետը դարձել է Ուկրաինան: Նրանք այնքան են ոգևորվել ուկրաինական «մայդանով», որ պարզապես «ապրում են Ուկրաինայով»՝ նույնիսկ չնկատելով, թե իրականում ինչի է վերածվել այդ երկիրը: Անկախ այդ ամենից, որտեղ ինչ էլ կատարվի՝ այդ մարդկանց համար միշտ կգտնվի առիթ հիացմունքով օրինակ բերելու Ուկրաինան, ուկրաինական «մայդանի» գործիչներին: Իսկ եթե սոցիալական ցանցում ոմանք էլ հանկարծ տարբեր առիթներով քննադատում են «մայդանի» «հերոսներին», ապա վերոհիշյալ շրջանակի ներկայացուցիչներից ոմանք միշտ պատրաստ են բանավեճի մեջ մտնել՝ ի պաշտպանություն իրենց իդեալների:
Եվ հիմա այն, ինչ տեղի ունեցավ 2 օր առաջ Ուկրաինայում, ամենաշատը խնդիրներ ստեղծեց ոչ թե Ուկրաինայի քաղաքական դաշտի համար, այլ վերոհիշյալ հայ «ուկրաինասերների»: Պատկերացնո՞ւմ եք, թե հիմա այդ մարդիկ ում պետք է պաշտպանեն, Ավակովի՞ն, թե՞ Սաակաշվիլիին: Երկուսն էլ իրենց համար դարձել էին իդեալներ (թեկուզ երկիր քանդելու առումով), երկուսի համար էլ պատրաստ էին «դոշ տալ», իսկ հիմա հայտնվել են երկու քարի արանքում: Իսկապես որ բարդ ընտրություն է: Երևի ավելի հեշտ կլիներ ընտրել, թե ասենք «Ոչ»-ի ճամբարներից որ մեկում լինել, քան թե ընտրություն կատարել Սաակաշվիլիի և Ավակովի միջև:
Կարեն Վարդանյան