Շուտով լրանում է Կարեն Կարապետյանի կառավարության գործունեության մեկ տարին, իսկ հոբելյանական տարեթվերն, ինչպես հայտնի է, հրաշալի առիթ են` առնվազը մտովի ամփոփելու այն ամենն, ինչ հաջողվել է վերջին 12 ամիսների ընթացքում անել:

Ընդհանրապես, ցանկացած կառավարության գործունեության վերաբերյալ գնահատականներ հնչեցնելուց առաջ, ինչպես հայտնի է, ընդունված է ուսումնասիրել համապատասխան թվերը, վիճակագրական տվյալներն ու այդպիսով փորձել օբյեկտիվ պատկերացում կազմել երկրում ստեղծված իրավիճակի մասին: Սակայն այս մոտեցումը, թերևս, ռեալ է թվում միայն այն երկրների պարագայում, ուր պաշտոնապես ներկայացվող վիճակագրության ու իրական կյանքի միջև տարբերությունը գործնականում զրոյական է. հիմնականում զարգացած երկրներում են այդպես վարվում, ինչն այդ պարագայում միանգամայն արդարացված ու հիմնավոր է:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, լրագրողների առաջ փորձելով սեփական գնահատականները հնչեցնել Կառավարության վերջին տարվա աշխատանքի հետ կապված, շտապել էր սեփական հիացմունքն արտահայտել ու որպես երկրի առաջընթացի անվիճելի առհավատչյա մեջբերել ԱՎԾ կողմից վերջերս հրապարակված տնտեսական ակտիվությանը վերաբերող թվերը: «Մեր կատարած աշխատանքի մասին խոսում են այն թվերը, որոնք հրապարակում է վիճակագրական ծառայությունը: Դուք երբևիցե տեսե՞լ եք, որ նման տիպի արդյունաբերության աճ լինի, արտահանման աճ լինի. ստեղծվել են նոր աշխատատեղեր, զբոսաշրջության ու արդյունաբերության մեծ աճ կա: Այդ բոլոր տենդենցները չեն կարող չնկատվել և չազդել մեր բնակչության վրա»,- խոսքի ինքնավստահ տոնայնությամբ ասել էր նախարարը` կարծես այդպիսով փորձելով պորտատեղադրել իրեն շրջապատած լրագրողներին:

Այն, որ Հայաստանի տնտեսական ցուցանիշները հատկապես վերջին տարիներին չեն ստիպում ուրախանալ, այն, որ հետընթացն ու տնտեսության դեգրադացիան արդեն որերորդ տարին է` մեզ մոտ շարունակական բնույթ է կրում, բոլորովին էլ գաղտնիք չէ: Գաղտնիք չէ նաև այն, որ տարօրինակ կերպով երկրում սրվող սոցիալ տնտեսական իրավիճակին զուգահեռ հայոց ԱՎԾ-ն կարծես համայն աշխարհի «ինադու» շարունակում է կլորիկ թվեր նկարել ու փորձել մարդկանց ներշնչել, թե իրականում երկրում ամեն բան վարդագույն է, պարզապես, բա չեք ասի, ազգաբնակչությունն է հոռետես: Այս իմաստով ԱՎԾ վերջին վիճակագրությունն իսկապես էտալոնային պետք է համարել, քանի որ ոչ ոք հիմար չէ ու շատ լավ հասկանում է, որ սոցիալական խնդիրներից խեղդվող երկրում չի կարող ասենք արդյունաբերության իրական աճ լինել, աշխատատեղերի ավելցուկ, արտահանման չտեսնված աճ, որի մասին խոսում է Կարայանը և այլն: Մի խոսքով` չեն կարող շարունակվող գործազրկության, արտագաղթի, մեծացող համընդհանուր դժգոհության ֆոնին Կարայանի հավաստիացումներն ու պնդումները համոզիչ հնչել:

Հիմա հարց է առաջանում` ինչո՞ւ է Կարայանը խուսափում իրականության աչքերին ուղիղ նայելուց: Հարցն այս, ըստ էության, ունի մի շատ տրամաբանական պատասխան. Կարայանը հասկանում է, որ այդ դեպքում նա ուղղակի ստիպված է լինելու խոստովանել, որ այն կառավարությունը, որի անդամն է ինքը, իրականում ձախողվել է ու արել է դա բավական շռնդալից կերպով: Եվ իրոք, բավական է մի փոքր ուշադիր հայացք նետել չորսբոլորն ու անմիջապես պարզ կդառնա, որ բացի ժամանակ վատնելուց դիցուք Կարապետյանի կադրերը գրեթե ուրիշ ոչինչ չեն արել: Կարայանը երևի նրանց միջի ամենաբարի պտուղն է, մյուսների մասին խոսելն առհասարակ ավելորդ ենք համարում:

Ինչ էլ լինի, մեկ բան հստակ է` երկրի իրական վիճակի մասին պատկերացում կազմելու համար շարքային քաղաքացին որևէ չինովնիկի կամ ԱՎԾ-ի կարիքը չի զգում. բավական է ընդամենը տան պատուհանից նայել դուրս, որպեսզի ամեն բան պարզ լինի. երկիրը լավագույն դեպքում դոփում է տեղում ու առաջ չի գնում. ա՛յ սրա մասին պետք է խոսի Սուրեն Կարայանը:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ