ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները եւ սակրավորներն այս պահի դրությամբ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքում որեւէ բան չեն հայտնաբերել: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Երեւանի փրկարար ծառայության պետի տեղակալ Առլեն Բադալյանը:
«Աշխատանքները նախարարության շենքում շարունակվում են: Այս պահի դրությամբ ոչինչ չենք հայտնաբերել: Երբ կվերջացնենք բոլոր սենյակների ստուգման աշխատանքները, այդ ժամանակ պարզ կդառնա՝ ահազանգը կեղծ էր, թե ոչ»,-ասաց նա:
Բադալյանը չբացառեց, որ ահազանգը կեղծ է եղել եւ միտված է եղել նախարարության աշխատանքը խաթարելուն:
Ավելի վաղ ռումբի ահազանգի հետ կապված տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքից աշխատակիցների տարհանում է իրականացվել: Նախարար Վահան Մարտիրոսյանի մամուլի խոսնակ Անահիտ Առաքելյանի խոսքով՝ ռումբի մասին ահազանգը ստանալու պահին նախարարը եւս շենքում չէր: «Նա մասնակցում է Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի բացմանը: Մենք ամեն րոպե նրան տեղեկատվություն ենք փոխանցում: Այս պահին ոստիկանները շարունակում են աշխատել շինության ներսում»,-ասաց նա: