Արցախի և Հայաստանի Հանրապետությունների միջև հաստատված ռազմական համագործակցության և գործողությունների համադրման բազմակողմ ծրագրի շրջանակում օգոստոսի 29-ից 31-ը աշխատանքային այցով ՊԲ-ում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ Արտակ Զաքարյանը: Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ ունեցած հանդիպումից հետո, որին ներկա էր Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, Արտակ Զաքարյանը եղել է մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում և առաջնագծի բոլոր ուղղություններում, հանդիպումներ ունեցել հրամանատարության և անձնակազմի հետ, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվել հայկական երկու հանրապետությունների առջև ծառացած մարտահրավերներին, մասնավորապես այն համակարգային անելիքներին, որոնք դրված են պաշտպանական գերատեսչությունների առջև:
Աշխատանքային այցի օրակարգում են եղել նաև նորակոչիկների հետ կապված խնդիրները, անձնակազմի սննդի, հանդերձավորման, առողջական և կարգապահական վիճակի, դիրքերի ինժեներական կահավորվածության հարցերը: