ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն օգոստոսի 31-ին աշխատանքային շրջայց է կատարել մի շարք զորամասերում։

«Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է ծառայության կազմակերպման և օրվա կարգացուցակով նախատեսված մարտավարամասնագիտական պատրաստության միջոցառումների ընթացքին։ Ծանոթացել է ստորաբաժանումների ուսումնական գործընթացին, առանձնահատուկ ուշադրություն է դարձրել զորամասերի սոցիալ-կենցաղային, ինչպես նաև զինծառայողների սննդի կազմակերպման պայմաններին՝ հրամանատարական կազմին խիստ ցուցում տալով մշտական վերահսկողության տակ պահել դրանք», -նշված է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:

 
 

Աշխատանքային շրջայցի ընթացքում Արշակ Կարապետյանը եղել է նաև  եռամսյա վարժական հավաքների անցկացման մի քանի շրջաններում, հանդիպել պահեստազորայիններին, զրուցել նրանց հետ, շնորհակալություն հայտնել հայրենիքի պաշտպանությանն անմիջական մասնակցություն բերելու համար և բարի ծառայություն մաղթել՝ վստահեցնելով, որ հավաքներով պայմանավորված՝ նրանց սոցիալական խնդիրների լուծումը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում։