ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 24-ին աշխատանքային այցով եղել է 3-րդ բանակային զորամիավորման ենթակա մի շարք զորամասերում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, բարձրաստիճան մի շարք զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ:
Աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարը եղել է զորամասերի տեխնիկական և թիկունքային ապահովման ստորաբաժանումներում, սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման ու նորոգման բազաներում, հետևել է ընթացիկ աշխատանքներին:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հրամկազմի հետ քննարկել է նաև առկա խնդիրները, թիկունքային ապահովման արդյունավետության բարձրացման հետագա անելիքները:
Պաշտպանության նախարարին են ներկայացվել զորամասերի բարեկարգմանն ուղղված կապիտալ շինարարական աշխատանքները, մի շարք օժանդակ շինությունների վերակառուցման ընթացիկ և հեռանկարային ծրագրերն ու դրանց շահագործման վերջնաժամկետները:
Այցի շրջանակում Սեյրան Օհանյանը եղել է նաև զինվորական հոսպիտալներից մեկում, տեղում ծանոթացել է բժշկական սարքավորումներով հագեցվածությանը, զրուցել է հոսպիտալի բուժանձնակազմի և բուժվող զինծառայողների հետ՝ վերջիններիս մաղթելով շուտափույթ ապաքինում:
Շրջայցի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկա է գտնվել Գուգարաց թեմի առաջնորդարանում Զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը: