Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է հանրապետության հարավային թևում տեղակայված մի շարք զորամասեր և տեղում ծանոթացել զինվորների առօրյային ու առկա խնդիրներին: Նախագահը նշել է, որ երկրի պաշտպանունակության շարունակական բարձրացումն ու ամրապնդումը միշտ եղել է և կլինի Արցախի զարգացման առանցքային ուղղությունը:
Նույն օրը Բակո Սահակյանը Հադրութ քաղաքում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման հարցերին: Հատուկ ուշադրություն է դարձվել մերձարաքսյան հատվածում գյուղատնտեսական ծրագրերի իրականացմանը: Նախագահ Սահակյանը նշել է, որ այս տարածքի շենացումը մեծապես կնպաստի ոչ միայն Հադրութի շրջանի, այլև ողջ հանրապետության գյուղատնտեսության զարգացմանը:
Նախագահին ուղեկցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում են ԼՂՀ նախագահի գրասենյակի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: