Պատասխանելով հարցին, թե ով է վարչապետի հավանական թեկնածուն, ԱԺ նախագահն ասել է, թե կուսակցությունը միատարր է և ունի մեկ ընդհանուր կարծիք, որը կձևավորի ապրիլին: «Ինձ թվում է՝ երեխաների համար կարևոր է, որ լինի խաղաղություն, կարողանան հանգիստ կյանքով ապրել ու սովորել, ծնողների ու երեխաների համար էլ կարևոր է մեր երկրի զարգացումը:Կգանք, կհասնենք ապրիլին, կքննարկվի այդ հարցը: Հանրապետականը միատարր է և ունի մեկ ընդհանուր կարծիք, որը կձևավորվի ապրիլին»,-ասել է Արա Բաբլոյանը:
 
Թե ինչպե՞ս կարող է բազմահազար կառույցը լինել միատարր, դժվարանում ենք ենթադրել, եթե, իհարկե, դա հոգեորսությամբ զբաղվող աղանդ, ԽՍՀՄ կոմկուսը չէ, կամ էլ՝ մենք Հյուսիսային Կորեայում չենք:
 
Մնացած բոլոր դեպքերում քաղաքական կուսակցությունների համար բնորոշ է բազմակարծությունը, բանավեճերը, հարկ եղած դեպքքում՝ կուսակցական բոսսերին հակադրվելը:
Դե՛, դա, իհարկե, մեր իրականությունից անչափ հեռու է, չնայած, որ նույն միատարր ՀՀԿ-ն մշտապես խոսում է նոր քաղաքական մշակույթ որդեգրելու մասին:
 
Բայց արի ու տես, որ գլուխ են գովում մի երևույթով, որը բնորոշ է տոտալիտար, փակ, կաստայական կառույցներին:
 
Իսկ, գուցե, ՀՀԿ ժողովրդավարությունն, ընդհամենը, հերթական մի՞ֆն է:
 
Վատ է, պարոնա՛յք, հանրապետականներ, շատ վատ է, որ բոլոր հարցերում միակարծիք եք, թերևս, հենց դա է պատճառը, որ Հայաստանի քաղաքական դաշտը օր-օրի ավելի է լճանում:
 
Իսկ ի՞նչ էիք ուզում լիներ, երբ իշխող քաղաքական ուժն, ընդհամենը, խորհրդային բարքերի լավագույն ավանդույթները վառ պահողն է:
 
Հ.Գ. Այսպիսի տեմպերով կարևորը Հյուսիսային Կորեայի չվերածվենք, թե չէ Սինգապուր մենք, միևնույն է, դարձողը չենք…