Ֆուտբոլի աշխարհի առաջնության 2018 թվականի ընտրական մրցաշարում Հայաստանը երեկ կրեց հերթական, արդեն սովորական դարձած պարտությունը: Այս առաջնությունում սա մեր ընտրանու 6-րդ պարտությունն էր: 

Առջևում մնացել է ևս 2 հանդիպում: Ինչ էլ պատահի, միևնույնն է, մեր ընտրանին այլևս չունի որևէ շանս՝ մասնակցելու աշխարհի գալիք առաջնությանը:

Ասել, թե հայկական ֆուտբոլը խայտառակ վատ վիճակում է, կնշանակի ոչինչ չասել: Ֆուտբոլային աղետի մասին շատերը լռում են:

Կան հարցեր, որոնց պետք է անդրադառնան սպորտային մեկնաբանները, սակայն կան ընդհանուր՝ երևացող խնդիրներ, որոնց մասին ստորև կներկայացնենք:

Սկսենք նրանից, որ Հայաստանի ֆուտբոլի առաջնությունն աղետալի վիճակում է: Երկրի առաջնությանը մասնակցում է ընդամենը 6 ֆուտբոլային ակումբ: Տարիներ շարունակ մեր առաջնությանը մասնակցում էին 8 թիմեր, հետո դարձան 7-ը, իսկ հիմա՝ 6-ն են : 6 ակումբներից ընտրել հավաքականի արժանի ֆուտբոլիստներ, չափազանց բարդ է:

Այս ամենին զուգահեռ՝ Ռուբեն Հայրապետյանը բառի բուն իմաստով հավաքականից վռնդել է թիմի առաջատար հարձակվող Յուրա Մովիսյանին, կենտրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանյանին, հավաքական չի հրավիրվում հենակետային կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը: Տարիներ շարունակ, այն ֆուտբոլիստները, որոնք չեն ենթարկվել Հայրապետյանին, կամ մի փոքր ինքնուրույնություն են դրսևորվել, հեռացվել են թիմից:

Առհասարակ, Ռուբեն Հայրապետյանը հայկական ֆուտբոլը դարձրել է իր սեփականությունը և վարվում է այնպես, ինչպես կամենում է:

Քանի դեռ մեր առաջնությունում այս խայտառակ վիճակն է, հարևան երկրի ֆուտբոլային ակումբներից մեկը՝ «Ղարաբաղ» անունով, այս տարի կմասնակցի ֆուտբոլի ամենահեղիանակավոր՝ Չեմպիոնների լիգայի մրցաշարին: Իսկ ՉԼ-ին աշխարհում հետևում է մինչև 2 միլիարդ ֆուտբոլասեր: Դա նշանակում է, որ 2 միլիարդ մարդ «Ղարաբաղ»-ը պատկերացնելու է Ադրբեջանի մաս և ադրբեջանական անվանում: Մենք մինչև այժմ Արցախ անունով ակումբ չունենք:

Գանք մանկապատանեկան ֆուտբոլին: Ֆուտբոլային ղեկավարությունը նշում է, թե Հայաստանում զարգանում է մանկապատանեկան ֆուտբոլը: Սա միֆ է: Նման բան գոյություն չունի: Միայն մեկ օրինակ բերենք: ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող Ֆուտբոլի ակադեմիայում մեկ ամսվա վարձավճարը կազմում է 90 հազար դրամ: Աղքատ Հայաստանում անգամ միջին կենսակերպ ունեցող ոչ մի ընտանիքի ծնող չի կարող ամեն ամիս 90 հազար դրամ վճարել, որ իր երեխան մարզվի՝ ապագայում ֆուտբոլիստ դառնալու համար: Տարվա կտրվածքով՝ սա կազմում է 1 միլիոն դրամից ավել գումար, իսկ դա ավելի թանկ է, քան իրավաբանական ֆակուլտետի տարեկան վարձավճարը:

Եվ մինչ հավաքականը պարտություն պարտության հետևից է կրում, ֆուտբոլի տոմսերի գները չեն նվազում: Հանրապետական մարզադաշտում հավաքականի խաղը դիտելն արժի 3000-ից 8000 դրամ: Դա է պատճառը, որ երբեք չենք տեսել լեփ-լեցուն մարզադաշտ: Ֆուտբոլային ղեկավարությունը հավանաբար չգիտի, որ Հայաստանում այդքան թանկ չեն կարող վճարել իրենց սիրելի թիմի խաղը դիտելու համար:

Արձանագրենք, որ ֆուտբոլային այս խայտառակ պատկերը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ դիրիժորի փայտիկը Ռուբեն Հայրապետյանի ձեռքում է, քանի դեռ ֆուտբոլը Ռուբեն Հայրապետյանի անձնական սեփականությունն է, քանի դեռ Հայաստանում չկա մեկը, որը վերցնի այս ոլորտն ու ջանքեր գործադրի՝ կարգավորելու այն:

Հիշեցնեմ նաև, որ Ռուբեն Հայրապետյանը տղամարդու խոսք է տվել, որ եթե Հայաստանի հավաքականն այս շրջափուլում տապալվի, ինքը հրաժարական է տալու:

Հավաքականը տապալվել է, իսկ Հայրապետյանը դեռ պաշտոնավարում է:

 

 

Արսեն Սանամյան