Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է «Իգլա»-ի գործով դատական նիստը: Այսօր ցուցմունքներ տվեցին 3 վկաներ: Դատարանում տված նրանց ցուցմունքները հակասում էին նախաքննության ընթացքում տված ցուցմունքներին:
Մեղադրող դատախազ Արամ Արամյանը միջնորդեց արգելել վկաների հարցաքննության փուլում տեսանկարահանումներն ու ուղիղ հեռարձակումները, քանի որ մի վկայի ցուցմունքը կարող է ազդել մյուս վկայի ցուցմունքների վրա: Դատարանը մասնակի բավարարել դատախազի միջնորդությունը և թույլատրել լրատվամիջոցներին՝ տեսանկարահանումն իրականացնել 5 րոպեով:
Նիստին հարցաքննվեց գործով վկայի կարգավիճակ ունեցող Գոռ Շաբոյանը, ում միջոցով փաստաթուղթ է ուղարկվել Մոսկվայից Երևան. «Ես աշխատում եմ որպես վարորդ՝ Երևան-Մոսկվա և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրում եմ իրականացնում: Ինձ մեր դիսպետչերը Մոսկվայում փաստաթղթերի փաթեթ փոխանցեց և ասաց, որ Երևանում այն ինձանից կվերցնեն»,-ասաց վկան:
Մեղադրող դատախազ Արամ Արամյանը հայտարարեց, որ վկայի ցուցմունքներում հակասություններ կան, ու դատարանում տված ցուցմունքները չեն համապատասխանում նախաքննության ընթացքում տված ցուցմունքներին: Արամյանը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքները: Միջնորդությունը բավարարվեց:
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուս 6 ամբաստանյալների վերաբերյալ քրեական գործով դատական նիստում այսօր ցուցմունքներ տվեցին առաջին 3 վկաները: Դատարանում տված նրանց ցուցմունքները հակասում էին նախաքննության ընթացքում տված ցուցմունքներին:
Հիշեցնենք, որ այս գործով մեղադրյալները 7-ն են՝ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն և Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանը, Դավիթ Հարությունյանը: Սույն գործով անցնող 7 մեղադրյալներից՝ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը կալանավորված են, իսկ մյուսների նկատմամբ կիրառվել է ստորագրությունը՝ չհեռանալու մասին: