Սամվել Բաբայանի աջակիցներն այսօր հանդիպել են ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանի հետ: Վերջինս նշել է, որ ամենակարճ ժամկետում ընթացք է տրվելու Սամվել Բաբայնի գործով ներկայացված բողոքներին:
Խոսելով խափանման միջոց կալանքը փոխարինելու միջնորդության մասին, որը ներկայացրել էին պատգամավորներ Սասուն Միքայելյանը և Հովիկ Ղազարյանը, դատավորը նկատել է, որ նմանատիպ միջնորդությունները Վճռաբեկ դատարանում քննարկվում են ներկայացված բողոքների հետ համատեղ, և երբ Սամվել Բաբայանի գործով համապատասխան որոշում կայացվի՝ միաժամանակ անդրադարձ կկատարվի խափանման միջոցը փոխելու միջնորդությանը:
Սերժիկ Ավետիսյանը ողջունելի է համարել նաև այն հանգամանքը, որ նոր ձևավորված իշխանությունները դատական գործընթացներին չեն պատրաստվում միջամտել՝ ճանաչելով դատական իշխանության անկախությունը:
Հիշեցնենք՝ Բաբայանը ձերբակալվել էր 2017թ. ԱԺ ընտրությունների քարոզարշավի շրջանում՝ մարտի 22-ին:
Առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 190-րդ հոդվածի 1-ին մասով (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացում)) և դատապարտել 6 տարվա ազատազրկման։
2017 թ. փետրվարի 27-ին դատարանը մերժեց «Իգլա» տեղափոխելու և փողերի լվացման մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված՝ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով բողոքը՝ անփոփոխ թողնելով դատավճիռը: