Վերաքննիչ դատարանում այսօր՝ փետրվարի 16-ին, ընթանում է Հայաստան «Իգլա» տեղափոխելու և փողերի լվացման մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով բողոքի քննությունը:
Դատարանը բավարարել է Բաբայանի միջնորդությունը և դատարան է բերել «Իգլայի» գործով առանցքային դերակատարում ունեցած Ռոբերտ Աղվանյանին, ով, ըստ գործի նյութերի՝ վաճառել է «Իգլան»:
Նշենք, որ դատական նիստերից մեկի ժամանակ Բաբայանը հայտարարել էր. «Վերջապես հարցրեք այդ մարդուն՝ արդյո՞ք իմ պատվերով է նա ձեռք բերել դյուրակիր զենիթահրթիռային համալիրը, եթե չեք անելու, ապա հաստատում եք, որ ինձ պատվերով եք դատում»,-ասել էր նա:
Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը բողոքում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռի դեմ՝ պահանջելով արդարացում:
Այս գործով 3 տարվա ազատազրկման դատապարտված Սանասար Գաբրիելյանը ևս դիմել է Վերաքննիչ դատարան՝ իրեն արդարացնելու համար:
Ավելի վաղ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Սամվել Բաբայանի շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանը տեղեկացրել էր, որ դիմել են Վերաքննիչ՝ պահանջելով Սամվել Բաբայանին արդարացնել երկու մեղադրանքներով էլ և կայացնել արդարացման դատավճիռ:
Ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:
Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու գործով 7 մեղադրյալ կար, որոնց վերաբերյալ դատարանը դատավճիռ կայացրեց նոյեմբերի 28-ին: