Ուրուգվայի «Ռադիո Արաքս»-ի տնօրեն, լրագրող Դիեգո Կարամանուկյանի խոսքով՝ ուրուգվահայությունն իր կենսակերպով շատ է կապված Հայաստանի և հայ մշակույթի հետ, անգամ, եթե իրենք մեկ բառ անգամ չեն հասկանում հայերեն. «Ընդհանուր առմամբ՝ գաղութը, սակայն, անորոշության մեջ է ապրում այն առումով, որ վերջին շրջանում սկսել են շատ ավելի քիչ մասնակցել հայկական կյանքին, փակվում են հայկական դպրոցներ, կրթօջախներ, սահմանափակվել է, օրինակ, ռադիոյով հեռարձակվող հայկական հաղորդման և երգերի ժամանակաչափը: Այս առումով, պետք է ասեմ, որ ժամանակը ուրուգվահայերի դեմ է աշխատում»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կարամանուկյանը:  

Խոսելով ուրուգվահայերի խնդիրների մասին՝ վերջինս նշեց ցայտուն մի օրինակ. «Խնդիրները շատ են: Օրինակ, տեսեք. Ադրբեջանը Ուրուգվայում դեսպան ունի, իսկ Հայաստանը՝ ոչ: Որքան էլ պետությունն ասի, որ դա ծախսերի հետ է կապված, միևնույնն է, դեսպանի առկայությունը համայնքի կյանքում շատ կարևոր է: Սրանից էլ մեծ խնդի՞ր: Սրան ավելանում է նաև այն, որ մշակութային շփումները սահմանափակվում են: Ադրբեջանը Ուրուգվայում ակտիվացել է՝ ընդդեմ հայերի: Եվ այստեղ Հայաստանը շատ մեծ անելիք ունի»:

ԼՈւՐԵՐ.com -ը բանախոսից հետաքրքվեց՝ կրթական համակարգում ի՞նչ խնդիրներ են առկա: Հարցին ի պատասխան՝ վերջինս նշեց. «15 հազար հայություն կա Ուրուգվայում: Ունենք երկու հայկական դպրոց: Սակայն պետք է նշեմ, որ Ուրուգվայում, այն ինչ հայկական է, վտանգված է, անգամ հայոց լեզուն այնտեղ վտանգված է, քանի որ կրթական ծրագրերում կան մեծ տարբերություններ և հայոց լեզուն դասավանդվումն է շատ քիչ ժամաքանակով»:

Անդրադառնալով սփյուռքյան գաղթօջախների խնդրին՝ Կոնսերվատորիայի հայ երգի ամբիոնի պրոֆեսոր Սամվել Գալստյանն առանձնացրեց հատկապես որակյալ մշակութային միջոցառումների բացակայությունը. «Եթե տարիներ առաջ սփյուռքի մեր գաղթօջախներում սպասում էին տաղանդավոր հայ կոմպոզիտորների, հիմա սպասում են ինչ-որ ռեստորանային մակարադակի երգիչների, ինչի հետևանքվ սփյուռքում առաջացել է ճաշակ ձևավորելու շատ լուրջ խնդիր: Սփյուռքում մենք ճաշակ ենք կորցնում»:

Աղավնի Սուքիասյան