Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Հայաստան-Սփյուռք համաժողովում ներկայացնելով իր Ազգ-բանակ հայեցակարգը, հայտարարել է, որ առաջիկայում պատրաստվում է նախաձեռնություն, որ պետպաշտոնյաներն իրենց հայտարարագրում անպայման նշեն նաեւ բանակում ծառայելու մասին: Թե ինչ է սպասվում չծառայած պաշտոնյային, Վիգեն Սարգսյանը չի ասել: Վաղ թե ուշ՝ այս հարցը պետք է քննարկման առարկա դառնար ՊՆ-ում և արժանանար համարժեք մեկնաբանության: Սակայն ասել, որ Վիգեն Սարգսյանի այս նախաձեռնությունը կարող է լուծել խնդիրը՝ սուտ կլինի: Պաշտպանության նախարարը նոր նախաձեռնության մասին հայտնեց հենց Հայաստան-Սփյուռք համաժողովի ընթացքում, ինչն արդեն իսկ հիմք է տալիս մտածելու, որ սա ոչ այլ ինչ է, քան Ազգ-բանակ հայեցակարգի հերթական PR ակցիան, այս անգամ արդեն՝ նոր ականջների և աչքերի համար: Մյուս կողմից՝ Վիգեն Սարգսյանը նախաձեռնության մասին խոսում է հենց այս հարթակում, ցանկանալով այն առանձնացնել ամենօրյա հայտարարությունների տրամաբանությունից: Նախաձեռնությունն ինքնին գովելի է, սակայն ՊՆ-ն չի ներկայացնում այն վերահսկման մեխանիզմները, որոնք պետք է նպաստեն խնդրի համակարգային լուծմանը: Չմոռանանք՝ դեռ ամիսներ առաջ Factor.am լրատվական կայքը հրապարակել էր այն պաշտոնյաների անունները, որոնց տղաները բանակ չեն զորակոչվել: Շատերը հենց Վիգեն Սարգսյանին մեղադրեցին այս արտահոսքի համար, եթադրելով, որ նա այդպիսով քաղաքական հաշիվներ է մաքրում: Արդյոք դա այդպես էր թե ոչ՝ դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ այժմ Վիգեն Սարգսյանն ապահովագրված է նման տհաճ պատմությունների կիզակետում հայտնվելուց, չէ՞ որ կլինեն հայտարարագրեր, և պաշտոնյաները կմնան մեն-մենակ իրենց խղճի և մամուլի ներկայացուցիչների հետ: Այսպիսով, Վիգեն Սարգսյանը ոչ թե խնդիրն է լուծում, այլ պարզապես իրենից հեռացնում է քննադատության սլաքները, իսկ այդպիսիք կլինեն, քանի որ հանրությունը դեռևս լուրջ պատճառներ ունի մեր պաշտոնյաների օրինապաշտության և հայրենասիրության վրա կասկածելու համար:
Հ.Գ. Նկատենք, որ իրենց որդիներին տարբեր ճանապարհներով զորակոչից ազատած պաշտոնյաներից շատերն առիթը բաց չեն թողնում մեկնելու սահման եւ զինվորների հետ «սելֆիներ» անելու: Ամենալավ վիճակագրությունը Զինվորն է տալիս, իսկ նրանք մեր զավակներն են և խուլ ու համր չեն, ամեն ինչ տեսնում, լսում, ասում են։
Ստելլա Խաչատրյան