ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը «Հայաստան-Սփյուռք» համահայկական համաժողովի մասնակիցների հարցերին պատասխանելիս պարզաբանել է ԼՂ կարգավորման գործընթացում տարածքների վերադարձի խնդիրը: «Խոսքը գնում է այն տարածքների մասին, որոնք անվտանգության իմաստով սպառնալիք չեն լինի թե՛ Ղարաբաղին, թե՛ ընդհանրապես այս խնդրի հանգուցալուծմանը: Մնացած մանրամասները եթե բացեմ՝ բանակցությունները կարող են կանգնել», - ասել է Էդվարդ Նալբանդյանը:
 
Ավելորդ է նշել, որ նախ պետք է Ադրբեջանը ճանաչի Արցախի ինքնորոշման իրավունքը, ու Արցախը դառնա բանակցությունների սուբյեկտ, և հետո միայն առարկայական կդառնա տարածքների վերադարձի հարցը: Ընդ որում, փոխզիջումների մասին խոսելիս, Ադրբեջանը մշտապես շեշտը դրել է զիջման վրա, առանց հաշվի առնելու փոխադարձության սկզբունքը: Չմոռանանք, որ կան նաև Ադրբեջանի կողմից օկուպացված ԼՂ տարածքներ: Նալբանդյանի հայտարարությունը սվիններով ընդունողները երևի տեղյակ չեն, որ արտգործնախարարի խոսքերի մեջ որևէ նորություն չկա. Նալբանդյանը հնչեցրեց այն, ինչ բանակցությունների հաջող ընթացքի և ավարտի արդյունքում կյանքի է կոչվելու: Եվ եթե Հայաստանը բանակցությունների սեղանի շուրջ է նստել իր երազանքը չհանդիսացող Մադրիդյան սկզբունքներին սկզբունքային համաձայնություն տալով, ապա արդեն իսկ հասարակությանը պետք է պատրաստի «հող հանձնելու» գաղափարին: Մինչդեռ՝ ինչպես իր ելույթում իրավացիորեն նշել է Սերժ Սարգսյանը՝ հայկական հասարակությունը և սփյուռքը կարծրացրել են փոխզիջման գնալու իրենց դիրքորոշումը: Մի բան ակնհայտ է՝ եթե Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ տարվող բանակցությունների օրակարգում լիներ հող հանձնելու հարցը, ոչ՛ Ադրբեջանը, ոչ՛ Մինսկի խումբը, առավել ևս՝ Հայաստանը այդ մասին չէին բարձրաձայնի: Հայաստանի և Արցախի իշխանությունները չեն կարող չգիտակցել՝ ինչպիսի հասարակական ռեզոնանսի կհանգեցնի նման քայլը, մյուս կողմից՝ դժվար է պատկերացնել այնպիսի «անպետք» տարածքներ, որոնց հանձնումը որևէ կերպ չի խաթարի Արցախի շուրջ ստեղծված անվտանգության գոտին:
 
Ստելլա Խաչատրյան