Երևանում սեպտեմբերի 14-ի կեսօրին Վերնիսաժի հարակից տարածքում հնչած կրակոցներից վիրավորված 39-ամյա Վահագն Աբգարյանը հաջորդ շաբաթ դուրս կգրվի հիվանդանոցից: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը:
Բժիշկը Վահագն Աբգարյանի առողջական վիճակը դրական գնահատեց. նրա կյանքին վտանգ չի սպառնում, հետվիրահատական բարդություններ չկան. «Շատ լավ է, իրեն շատ լավ է զգում: Արդեն քայլում է, շարժվում է, ձեռքն աշխատեցնում է: Ամեն ինչն ինքը տարավ այնպես, ինչպես մենք կանխատեսում էինք: Դրան նպաստեց նաև այն, որ վիրահատութույնը կատարվեց ժամանակին. նման դեպքերում հետվիրահատական ընթացքը լինում է շատ ավելի հեշտ և՛ բժշկի, և՛ հիվանդի համար:
Անդրադառնալով հարցին, թե Վահագն Աբգարյանը ե՞րբ դուրս կգրվի հիվանդանոցից, Կուրղինյանը նշեց, որ երկուշաբթի օրվանից սկսելու ենք կարերը հանել, ընթացքը ցույց կտա, թե երբ դուրս կգրեն, սակայն ընդգծեց, որ հաջորդ շաբաթվա մեջ հաստատ դուրս կգրվի հիվանդանոցից:
Ինչպես նշեց բժիշկը՝ Վահագն Աբգարյանի անվտանգությունը հսկում են ոստիկանության աշխատակիցները:
Նշենք, որ Վահագն Աբգարյանը ստացել է վնասվածք կրծքավանդադակի աջ կողմում, նաև աջ նախաբազկային հատվածում՝ ոսկրի վնասումով:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 14-ին, Երևանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ հնչել էին կրակոցներ, սպանվել է Գագիկ Մոսինյանը, հրազենային վիրավորում է ստացել և «Աստղիկ» ԲԿ տեղափոխվել Ալավերդի քաղաքում հայտնի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը:
Սոնա Հարութույնյան