ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով սեպտեմբերի 26-28-ը Հայաստան կայցելի Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար  Ալեն Դանքնը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարարին կընդունի Հանրապետության Նախագահը։

Ալեն Դանքնը կհանդիպի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին և ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին։

Սեպտեմբերի 27-ին նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի և Ալեն Դանքնի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։