Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի 2-րդ հատվածի վերանորոգման աշխատանքների մրցույթն ավարտվել է սեպտեմբերին։ Այդ մասին սեպտեմբերի 26-ին հրավիրված ասուլիսում նշեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ Վանաձորից Ալավերդի տանող մայրուղու առաջին հատվածում աշխատանքները մեկնարկել են մեկ տարի առաջ։ «Վանաձոր-Ալավերդի հատվածում մեծ արագությամբ ու որակով աշխատանքները շարունակվում են: Ճանապարհահատվածի՝ Վանաձոր քաղաքին հարող 7,5 կմ երկարությամբ հատվածում արդեն իսկ տեղադրվել է ասֆալտ: Շարունակվում են ճանապարհին տեղակայված 3 թունելների լուսավորության և մայթերի տեղադրման, ինչպես նաև հենապատերի ու ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքները: Ալավերդիից Վրաստանի սահման հատվածի շինաշխատանքների մրցույթի արդյունքները ամփոփվել են, մինչև տարեվերջ պայմանագրերը կստորագրվեն: Վստահեցնում եմ, որ ունենալու ենք լավ ճանապարհ, լայն ու բարձրորակ»,- ասաց նախարարը:
Վանաձորից Վրաստանի սահման տանող մայրուղին վերանորոգվում է Զարգացման ասիական բանկից և Եվրոպական ներդրումային բանկից ներգրավված վարկային միջոցներով: