Գլուխը քարով կտա մեկը, որ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի հետ կատարվածը ինձ հետ կկապի: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանը: «Եթե էդ բուհում կլինի մի ուսանող, մի դասախոս, որ կես բառով կասի, որ Գրիգորյան Վարդևանը այդ ակցիաների կազմակերպման մեջ կես տոկոսի չափով մասնակցություն ունի, ես հազար անգամ ամբողջ կոլեկտիվից, ուսանողությունից, ՀՀ ամբողջ բնակչությունից ներողություն կխնդրեմ: Եվ կհամարեմ, որ իզուր է իմ գտնվելը այս հանրապետությունում»:
Գրիգորյան Վարդևանը կապ ունի թե ոչ վերոնշյալ ակցիաների կազմապերպման մեջ՝ թերևս կպարզեն պատկան մարմինները, զարմանալին այն է, թե ինչպես է նման բառապաշարով Վարդևան Գրիգորյանը 14 տարի շարունակ ղեկավարել Գյումրու մանկավարժական համալսարանը, համաձայնեք անգամ Խաչատուր Աբովյանը կվկայեր, որ «գլուխը քարով կտա» արտահայտության հեղինակը իրավունք չունի մանկավարժ կոչվելու, կամ մասնակցելու ուսանողների, մատաղ սերնդի կրթման, դաստիարակության պրոցեսին: Հանրապետությունում չգիտենք, բայց ԲՈՒՀ-ում Գրիգորյանը հաստատապես իզուր է գտնվել: Այժմ էլ նրան վստահված է ոչ պակաս կարևոր պաշտոն: Վարդևան Գրիգորյանը կարող է իր ոսկեղենիկ բառապաշարը ի ցույց դնել արդեն հայրենի խորհրդարանում, որտեղ նրան վստահվել է ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը: Սա վկայում է այն մասին, որ մեր ԱԺ-ն վաղուց վերածվել է ցածր կլասսի թաղային հեղինակությունների միջավայրի, որտեղ «աչքեր են հանում» ու «գլուխներ են քարով տալիս». Մի բան ակնհայտ է, Վարդևան Գրիգորյանի նվաճումների շարքը այսօր կավելանա, չէ որ նա լուրջ հայտ ներկայացրեց փողոցային բառապաշարով Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին շրջանցելու գործում…
Ստելլա Խաչատրյան