ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կրող Վահե Ղուկասյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար այսօր՝ մայիսի 24–ին, մեղադրանք է առաջադրվել «Արթիկ» ՔԿՀ–ի դատապարտյալներից մեկին։
Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
Դատապաևտյալին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104–րդ հոդվածի 1–ին մասի՝ սպանության փորձի հատկանիշներով։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել է, որ «Արթիկ» ՔԿՀ-ում մայիսի 19-ին միջադեպ է տեղի ունեցել երկու դատապարտյալների միջեւ։
Շեկո մականունով հայտնի Արտյոմ Կարապետյանի սպանության համար 17 տարվա ազատազրկման դատապարտված Վահե Ղուկասյանի մտերիմները NEWS.am–ին հայտնեցին, որ կալանավայրում փորձել են դանակահարել Ղուկասյանին։ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից NEWS.am–ին հայտնել էին, որ խցակից դատապարտյալների միջեւ նախ վիճաբանություն է տեղի ունեցել, ինչից հետո երկու դատապարտյալ միմյանց մարմնական վնասվածքներ են պատճառել։