Այս ողջ պատմությունը սկսվեց 2008 թվականի հուլիսի 30-ին, երբ Թիմ ՄքԼինը նստեց Greyhound ընկերության 1170 ավտոբուսը, որն ուղևորվում էր դեպի Վինիփեգ, Կանադա։ Աշխատանքային օրվանից հոգնած՝ նա գլուխը հենել էր ավտոբուսի պատուհանին և քնել էր։ Մոտ 6 ժամ քնելուց հետո ավտոբուսը կանգ առավ Էրիքսոն քաղաքում, ուր ավտոբուս նստեց մի բարձրահասակ, ասիացի տղամարդ՝ Վինս Լին։ Սկզբում նա նստեց Թիմի դիմացի նստարանին, սակայն քիչ անց որոշեց փոխել իր տեղն ու նստել Թիմի կողքին։
Էրիքսոնը լքելուց 3 ժամ անց Լին հանկարծ հանեց մի մեծ դանակ և հարվածեց ՄքԼինին։ Ավտոբուսի 34 ուղևորներից այդ ամենն առաջինը նկատեց մի զույգ, ովքեր գոռալով գնացին ավտոբուսի դիմացի հատված։
Վարորդն անմիջապես կանգնեցրեց ավտոբուսն ու դուրս հանեց բոլոր ուղևորներին։ Այդ ընթացքում Լին ոչ միայն սպանել, այլև գլխատել էր ՄքԼինին, որից հետո փորձել առևանգել ավտոբուսը, սակայն վարորդը նախօրոք միացրել էր արտակարգ իրավիճակների ռեժիմը, ինչի շնորհիվ անհնար էր ավտոբուսը տեղաշարժել։ Սարսափած ուղևորները պատմել են, որ մարդասպանն այս ու այն կողմ էր գնում և բոլորին ցույց տալիս ՄքԼինի կտրված գլուխը։
Այդ ընթացքում մետաղյա խողովակներ տեղափոխող մի բեռնատար էր անցնելիս եղել, որի վարորդը կանգ էր առել՝ հասկանալու, թե ինչու են մարդիկ դուրս եկել ավտոբուսից։ Մինչ ոստիկանների ժամանումը բեռնատարի վարորդը վերցրել էր մի քանի մետաղյա ձող և ավտոբուսի դռան մոտ կանգնել՝ կանխելու Լիի փախուստը, քանի որ արդեն մի անգամ նա փորձել էր պատուհանը կոտրելով փախուստի դիմել։
Ոստիկանները ժամանելուն պես ձերբակալել էին նրան և այդ ընթացքում բացահայտել, որ Լին կերել է ՄքԼինի մարմնի որոշ մասեր։ Խուզարկությունից հետո նրա գրպաններում հայտնաբերվեցին ՄքԼինի ականջները, քիթն ու լեզուն։ Սակայն նրա աչքերն ու սիրտն այդպես էլ չհաջողվեց գտնել․ փորձագետներն ասացին, որ Լին կերել է դրանք։
Բնականաբար, Լին պետք է դատարանի առջև կանգներ և պատասխան տար իր արածի համար, սակայն դատարանը նրան անմեղսունակ ճանաչեց, ինչը նշանակում է՝ բանտ տեղափոխելու փոխարեն նրան ուղարկեցին հոգեկան առողջության կենտրոն։ Բանն այն է, որ պաշտպանվող կողմը պնդում էր, որ Լին այդ քայլին դիմել է, քանի որ Աստված նրան ասել է՝ ՄքԼինի մեջ չար ուժեր են ապրում, ուստի պետք է ազատվել նրանից։ Դատավորն ընդունել էր հոգեբանի կողմից տրված եզրակացությունը և այդ պատճառով նրան անմեղսունակ ճանաչել։
Սակայն սա դեռ ամենը չէ։ Հոգեբուժարանում 3 տարի մեկուսացված մնալուց հետո նրան բուժող բժիշկները թույլ էին տվել հոգեբույժի հսկողությամբ որոշ ժամանակով դուրս գալ հիվանդանոցից։ 2 տարի անց էլ որոշվեց, որ Լիին այլևս անհրաժեշտ չէ հսկողություն, և նա կարող է առանց որևէ մեկի ուղեկցության օրական 30 րոպեով դուրս գալ հիվանդանոցից։
2015 թվականին հոգեկան առողջության կենտրոնը հայտարարեց, որ Վինս Լին ի վիճակի է առանց սահմանափակումների դուրս գալ հիվանդանոցից, միայն թե պետք է մշտական հեռախոս ունենա իր մոտ։ Մեկ տարի անց Լին պաշտոնապես ասաց, որ փոխում է իր անունը և ցանկանում է նոր կյանք սկսել։ Վերջերս նրա խնդրանքը բավարարվեց։ Դատարանը Լիին թույլ է տվել փոխել իր անունը և նրան ազատել է պատասխանատվությունից։
Վինս Լիի նոր անունն այժմ Ուիլ Բեյքեր է, ով ապրում է Կանադայում՝ բացարձակ ազատության մեջ։