Հայաստանի 69 համայնքներում 2017 թվականի նոյեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի կունենան։ Դրանցից 3-ում կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ, իսկ 34-ը խոշորացված համայնքներ են:
Ինչպես տեղեկացրին ԿԸՀ մամուլի ծառայությունից,
նշված համայնքներից 15-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի ընտրություններ (որոնցից 3-ում արտահերթ), 17 համայնքում՝ միայն ավագանու անդամի, իսկ 37 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
2017 թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 18.00-ին, լրացել է նոյեմբերի 5-ի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների թեկնածուների գրանցման ժամկետը:
Համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ անցկացվող թվով 49 համայքներում առաջադրվել էին 143 թեկնածուներ, որոնցից 8-ը մինչև գրանցումը հետ են վերցրել իրենց փաստաթղթերը: Համայնքի ղեկավարի հերթական ընտրություններին 49 համայքներում գրանցվել է 135 թեկնածու, որոնցից 3-ը կանայք են:
Համայնքի ղեկավարի 135 թեկնածուներից 56-ը անկուսակցական են, 67-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության, 6-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, 4-ը՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության, 1-ը՝ «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության և 1-ը Համերաշխություն կուսակցության անդամներ են:
Համայնքի ղեկավարի 135 թեկնածուներից 93-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 36-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության և 6-ը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից:
Համայնքի ղեկավարի հերթական ընտրություններին առաջադրված թեկնածուներից որևէ մեկի գրանցումը չի մերժվել:
Ավագանու անդամի հերթական ընտրություններ անցկացվող թվով 54 համայքներում առաջադրվել էին 993 թեկնածուներ, որոնցից 10-ը մինչև գրանցումը հետ են վերցրել իրենց փաստաթղթերը: Ավագանու անդամի հերթական ընտրություններին 54 համայքներում գրանցվել է 983 թեկնածու, որոնցից 50-ը կանայք են:
Ավագանու անդամի 983 թեկնածուներից 648-ը անկուսակցական են, 240-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության, 50-ը՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության, 28-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, 6-ը՝ «Հայկական Վերածնունդ» կուսակցության, 2-ական թեկնածու՝ «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության, «Երկիր Ծիրանի» կուսակցության և Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության և 1-ական թեկնածու՝ «Ազգային Միաբանություն» կուսակցության, «Հայաստանի Ժողովրդավարական Ազատական Միություն» կուսակցության, «Հանրապետություն» կուսակցության, Ռամկավար Ազատական կուսակցության և «Սահմանադրական Իրավունք Միություն» կուսակցության անդամներ են:
Ավագանու անդամի 983 թեկնածուներից 783-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 183-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության, 11-ը՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության, 2-ը՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության և 1-ական թեկնածու՝ «Բարգավաճ Հայաստան» կուսկացության, «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության, Ռամկավար Ազատական կուսակցության և «Հայկական Վերածնունդ» կուսակցության կողմից:
Ավագանու անդամի հերթական ընտրություններին առաջադրված թեկնածուներից որևէ մեկի գրանցումը չի մերժվել:
2017 թվականի նոյեմբերի 5-ին կայանալիք համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների թեկնածուների գրանցման ժամկետը լրանում է 2017 թվականի հոկտեմբերի 17-ին: