Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում 2017 թվականի նոյեմբերի 5-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններում գրանցված չորս թեկնածուի փոխարեն կքվեարկվեն երկու թեկնածու՝ ՀՀԿ անդամներ, ՀՀԿ կողմից առաջադրված թեկնածու, Շատջրեքի արդեն նախկին գյուղապետ Զոյա Գեւորգյանը եւ «ՆԱՐ-ՄԻԼ» ՍՊԸ տնօրեն Հակոբ Ավետյանը:
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 20 ՏԸՀ-ից, այդպիսի իրավիճակ է առաջացել այն բանից հետո, երբ ինքնաբացարկի դիմում են ներկայացրել գրանցված մյուս երկու թեկնածուները՝ ՀՀԿ անդամներ, Փամբակ նախկին համայնքի ղեկավար Հարություն Ազարյանը եւ «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության տեսուչ Արայիկ Մաթյանը:
Այսպիսով, Գեղարքունիքի մարզի թիվ 20 եւ 21 տարածքային ընտրական հանձնաժողովների տեղեկացմամբ, հոկտեմբերի 30-ի դրությամբ համայնքի ղեկավարի պաշտոնների համար կպայքարեն գրանցված 12 թեկնածու:
Գեղամասարում կմրցակցեն Զոյա Գեւորգյանը եւ Հակոբ Ավետյանը, Վարդենիսում՝ ՀՀԿ անդամներ, Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը եւ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի Վարդենիսի ՍԱՏԳ պետ Արամ Հարությունյանը, Ճամբարակում՝ ՀՀԿ անդամ, Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը եւ անկուսակցական Վազգեն Ադամյանը, Շողակաթում՝ ՀՀԿ անդամ, Շորժայի գյուղապետ Սուլիկո Շուշանյանը եւ անկուսակցական, Դրախտիկի գյուղապետ Վալենտին Պետրոսյանը, Գեղաքարում՝ ՀՀԿ անդամներ, գործող գյուղապետ Կարինե Մարտիրոսյանը եւ ինքնաառաջադրված Ռաֆիկ Սաֆարյանը: Ծովինար եւ Ձորագյուղ համայնքներում գործող գյուղապետեր, անկուսակցական Մհեր Մարտոյանը եւ ՀՀԿ անդամ Լեւիկ Գրիգորյանը մրցակիցներ չունեն:
Խոսրով Խլղաթյան