Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով Անկարայի եւ Վաշինգտոնի փոխհարաբերությունների ճգնաժամը, իր երկիրը համեմատել Է առյուծի հետ, որի ճիրանները պոկել-հանել են եւ ցանկանում են հնազանդեցնել:
«Բոլոր կողմերից ցանկանում են օղակի մեջ առնել Թուրքիան եւ հնազանդեցնել, ինպես առյուծին, որի ճիրանները պոկել-հանել են: Նրանք վարժվել են հին Թուրքիային եւ չեն ընդունում ուժեղ Թուրքիան: Թուրքիայի անկախությունը պաշտպանելու մեր վճռականությունը ինչ-որ մեկին խիստ անհանգստացնում է»,-հայտարարել է Էրդողանը՝ Անկարայում ելույթ ունենալով նահանգապետների առջեւ:
Նա Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասսին մեղադրել է այցագրային ճգնաժամ հրահրելու մեջ: «Այցագրերի հետ կապված ճգնաժամն ստեղծել է ԱՄՆ-ի այստեղի դեսպանը: Անընդունելի է, որ Ամերիկան իր համար ռազմավարական առումով այնքան կարեւոր երկրում, ինչպիսին Թուրքիան է, նշանակել է դեսպանի, որը պատասխանատու չէ իր համար:
Նրանց ցանկացած գործողության մենք համարժեք պատասխան կտանք»,-հավելել է Թուրքիայի նախագահը: ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հոկտեմբերի 11-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուին խորը անհանգստություն է հայտնել Անկարայում ԱՄՆ-ի դեսպանության աշխատակիցների եւ ԱՄՆ-ի քաղաքացիների ձերբակալման կապակցությամբ: Թիլերսոնն ընդգծել է այն բանի անհրաժեշտությունը, որ Թուրքիայի կառավարությունը նրանց ներկայացված մեղադրանքների ապացույցներ տրամադրի:
Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում ճգնաժամ է սկսվել անցած շաբաթ Ստամբուլում ԱՄՆ-ի հյուպատոսարանի աշխատակից Մեթին Թոփուզի ձերբակալումից հետո: Նա մեղադրվում է «սահմանադրության խախտման» եւ «Թուրքիայի կառավարությունը տապալելու փորձի» մեջ: ԱՄՆ-ը հոկտեմբերի 8-ին կասեցրել է ոչ միգրացիոն այցագրերի տրամադրումը Թուրքիայի տարածքում գործող բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: