Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման ուժերը և հայ-ռուսական միացյալ զորախմբի ստորաբաժանումները «Փոխգործակցություն-2017» զորավարժությունների շրջանակներում հաջողությամբ կատարեցին իրենց առջև դրված խնդիրները` իրականացնելով պայմանական հակառակորդի դիվերսիոն խմբի ոչնչացման մարտական օպերացիա: Հոկտեմբերի 13-ին «Բաղրամյան» զորավարժարանում տեղի ունեցավ «Փոխգործակցություն-2017» զորավարժությունների եզրափակիչ փուլը: Զորավարժության եզրափակիչ փուլին և փակման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Հայաստանի, Բելառուսի և Ղազախստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերը, ՀԱՊԿ միացյալ ուշերի շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը, ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի հրամանատար, զորավարժությունների ղեկավար Ալեքսանդր Դվորնիկովը: Զորավարժության ընթացքը դիտարկում էին ՀՀ-ում հավատարմագրված ռազմական դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Զորավարժության ընթացքում ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերը և հայ-ռուսական միացյալ զորախմբի ստորաբաժանումները փորձարկեցին անօրինական զինված խմբավորման դեմ մարտական գործողությունների տակտիկան: Գործողությանը մասնակցում էին մոտոհրաձգային, հրետանային, օդադեսանտային զորքերը: Նրանց հետ համատեղ գործում էին ուղղաթիռներ և ինքնաթիռներ, ազգային գվարդիաների ստորաբաժանումներ, ինչպես նաև ոստիկանության և արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումներ: Զորավարժությանը մասնակցեցին նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները` կատարելով հումանիտար օգնություն ցուցաբերելու առաջադրանք:
ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերը և հայ-ռուսական միացյալ զորախմբի ստորաբաժանումները խաղարկեցին պետական սահմանի պահպանության, հակառակորդի հետախուզական դիվերսիոն խմբի ոչնչացման, պատանդներին ազատ արձակելու, գրոհայինների պատրաստման համար նախատեսված ճամբարների ոչնչացման սցենարներ:
ՀԱՊԿ միացյալ ուժերի շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ ավարտվեց այս տարի անցկացվող «Մարտական եղբայրություն-2017» խորագիրը կրող զորավարժությունների հերթական փուլը. ««Բաղրամյան» զորավարժարանում միասին գործեցին ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերը և հայ-ռուսական միացյալ զորախումբը: Դուք տեսաք, որ արդյունավետ համագործակցում էին ոչ միայն ռազմական ուժերը, այլ նաև ոստիկանության և արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները: Մենք հաջողությամբ կատարեցինք առաջադրված խնդիրները: Առջևում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի մասնակցությամբ զորավարժություններն են, որոնք կանցկացվեն Ղազախստանում, որից հետո մենք կամփոփենք զորավարժությունների ընդհանուր արդյունքները, վեր կհանենք թերությունները: Կարծում եմ, որ կլինեն որոշումներ, որպեսզի ՀԱՊԿ արագ արձագանքման համակարգն ավելի արդյունավետ լինի»,- եզրափակեց Սիդորովը:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդգծեց, որ շատ գոհ են զորավարժությունների արդյունքներից: «Շատ կարևոր զորավարժություններ էին, իսկ այս տարվա առանձնահատկությունն այն է, որ բոլոր զորավարժությունները փոխկապակցված են միասնական սցենարով: Դա թույլ է տալիս ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների զինված ուժերին ներդաշնակեցնել և առկա խնդիրների միասնական լուծումներ գտնել: Այս զորավարժություններին մասնակցում էին ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների զինված ուժերը` բավականին պատկառելի անձնակազմով: Ընդհանուր առմամբ մասնակցել է 2500 մարդ` զինված ուժերի բոլոր ստորաբաժանումները, ինչպես նաև ոստիկանության և արտակարգ իրավիճակների նախարարության ուժերը: Առաջին անգամ զորավարժություններին մասնակցեց նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որը նման իրավիճակներում շատ կարևոր առաքելություն ունի իրականացնելու»,- ընդգծեց նախարարը:
Վիգեն Սարգսյանը զորավարժությունները կարևորում է նաև մասնակիցների միջև շփման, ՀԱՊԿ անդամ երկրների պատմությանը ծանոթանալու տեսանկյունից: «Ինձ համար շատ ուրախալի է, որ ծրագրում նախատեսված էր հատուկ միջոցառում, որի շնորհիվ այլ երկրներից ժամանած զինծառայողները հնարավորություն ստացան ծանոթանալ Հայաստանի պատմությանն ու տեսարժան վայրերին»,- ասաց Սարգսյանը:
Հայաստանը շարունակելու է գործընկեր երկրների հետ ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցությունը: Վիգեն Սարգսյանն ընդգծեց, որ ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցությունը Հայաստանի անվտանգության համակարգի կարևորագույն բաղադրիչներից է: «Մենք միշտ հանդես ենք եկել որպես այդ փոխգործակցությունն առաջ մղող և դրա մեջ լրացուցիչ բովանդակություն ներդնող պետություն: Կարծում եմ, որ դա ուղղակիորեն բխում է ոչ միայն մեր միջազգային պարտավորություններից, այլ նաև` անվտանգային խնդիրներից»,- եզրափակեց Վիգեն Սարգսյանը:
Զորավարժության կրակային փուլի ավարտից հետո տեղի ունեցավ փակման հանդիսավոր միջոցառում, որի շրջանակներում կայացավ աչքի ընկած զինծառայողներ ու սպաների պարգևատրման արարողություն: