ԱՊՀ երկրների հետ Չինաստանի համագործակցությունն իրականացվում է փոխադարձ հարգանքի և շահի հիման վրա: Ինչպես հաղորդում է Պեկինում «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին Չինաստանի արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Չինաստանի ԱԳՆ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Լիու Բինը:
«Չինաստանն ու ԱՊՀ անդամ երկրները աշխարհագրական տեսանկյունից մոտ են, բացի այդ, պատմության ընթացքում որևէ հակամարտության մեջ չեն եղել: Ներկայում ԱՊՀ երկրների հետ Չինաստանի հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում»,- հայտարարեց Բինը:
Նա ընդգծեց, որ պաշտոնական Պեկինը ձգտում է ԱՊՀ անդամ պետությունների հետ զարգացնել բարեկամական և գործընկերային հարաբերություններ՝ մտադրություն չունենալով այս կամ այն երկրում ազդեցության գոտիներ ստեղծել:
«Մենք հարգում ենք ԱՊՀ ցանկացած երկրի իրականությունը, հարգում ենք նաև ցանկացած երկրի կողմից ընտրված զարգացման ուղին, ինչպես նաև այդ երկրների կողմից իրականացվող ներքին ու արտաքին քաղաքական ուղղությունները: Երբ ԱՊՀ տարածաշրջանի մեր գործընկերները բախվում են ինչ-որ բարդությունների, մենք անմիջապես աջակցություն ենք ցուցաբերում նրանց՝ առանց որևէ նպատակ հետապնդելու»,- ասաց Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը:
Նա հիշեցրեց, որ այս տարի լրանում է ԱՊՀ անդամ պետությունների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 տարին: «Այս ընթացքում մենք արդեն հասել ենք նկատելի ձեռքբերումների և հպարտանում ենք այդ փաստի առնչությամբ: Կարծում եմ, որ առաջիկա 25 տարիների ընթացքում մեզ ավելի մեծ հաջողություններ են սպասվում»,- հայտարարեց Բինը՝ ընդգծելով, իհարկե, որ այս հարցում դեռևս անելիքներ շատ ունեն:
Արաքս Կասյան