Այսօր Ազգային ժողովում մեկնարկել է «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրինագծի վերաբերյալ հանրային լսումները: Ըստ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանի՝ այս նախագիծը պարտադրված է համապատասխան ուժերի կողմից՝ Հայաստանում ընտանիքները վերացնելու և պղծելու համար: «Դուք ի՞նչ բստրածին բաներ եք ասում՝ «տնտեսական բռնություն», «հոգեբանական բռնություն», էս ի՞նչ բթյուններ են: Հիմա կասեք, որ գրանտներ չկան. կան գրանտներ, շպրտած դոնորներ: Ես երկար ժամանակ գտնվում եմ ԱԺ-ում և գիտեմ` ինչպես են խաբում դիմացինին»,-Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին ասաց պատգամավորը:
ՀՀ ոստիկանության փոխգնդապետ Նելլի Դուրյանը քննարկման մասնակիցներին դիմելով նշեց, որ մեր երկրում ընտանեկան բռնությունները բավական շատ են և ներկայացնելով վիճակագրական տվյալներ, շեշտեց. «2012 թ.-ին գրանցվել է ընտանեկան բռնության 728 դեպք, իսկ 2016-ին՝ 756 դեպք: 2017 թվականի 9 ամսվա ընթացքում գրանցվել է ընտանեկան բռնության 602 դեպք: Իգական սեռի ներկայացուցիչներին բռնության ենթարկելու 1791 դեպք է գրացվել: Անչափահասների նկատմամբ բռնութան 146 դեպք է գրանցվել, որից սեռական անձեռնմխելիության և ազատության դեմ հանցագործությունները 52-ն են»: Նելլի Դուրյանի խոսքով՝ գուցե օրենքում կա հստակեցումների կարիք, բայց դա ժամանակի հարց է:
Քննարկման մասնակից, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն էլ նշեց, որ ընտանիքում տեղի ունեցող դաստիարակչական միջամտությունը չի կարող բռնություն համարվել. «Աստվածաշնչում ասվում է. «Այն հայրը, ով սիրում է որդուն, խրատում է», իսկ խրատել բառը գրաբարում ունի ֆիզիկական ներգործության իմաստ, առավել ևս՝ տղաների նկատմամբ: Ընտանեկան բռնությունը ես այն իմաստով եմ հասկանում, որ ինչ-որ մեկն ունի առանձնաշնորհ դիրք և չարաշահում է այն ու նվաստացնում է դիմացինին»,-իր տեսակետն արտահայտեց Միքայել եպիսկոպոս Աջապահյանը՝ նկատելով, որ եթե շատերը պնդում են, որ օրինագիծն ընդունելի չէ քրիստոնեական ընտանիքի համար, ապա ինչո՞ւ ժամանակին չընդվզեցին ամուսնալուծությունների և հղիության ընդատման իրավունքի դեմ։
«Ի՞նչ է՝ ամուսնալուծությունները, աբորտները քրիստոնեական ընտանիքին հարիր են, իսկ ընտանեկան բռնության կանխարգելմանը՝ ո՞չ»,- ասաց Շիրակի թեմի առաջնորդը` հավելելով, որ եթե այսքան տարի ապրել ենք առանց այս օրենքի, կարող ենք էլի ապրել:
Նշենք, որ քննարկումներին մասնակցում են նաև մեծ թվով հասարակական կազմակեպություններ և կանանց իրավուքների պաշտպանությամբ զբաղվող կառույցներ:
Աղավնի Սուքիասյան