Իսպանիայի Նախարարների խորհուրդը հոկտեմբերի 21-ին նիստ կանցկացնի երկրի Սահմանադրության 155-րդ հոդվածի կիրառման համար, ինչը Կատալոնիայի իշխանություններին կզրկի լիազորություններից: Այդ մասին հոկտեմբերի 19-ին հայտնել է El Pais թերթը՝ հղում անելով վարչապետի նստավայրի հայտարարությանը:

«Կառավարությունը ձեռնամուխ կլինի Սահմանադրության 155-րդ հոդվածում շարադրված կարգի իրականացմանը…»,-ասված է դրանում: Արտահերթ հանդիպումը կանցկացվի հոկտեմբերի 21-ին, որպեսզի որոշվի՝ ինչ միջոցներ են ձեռնարկվելու Կատալոնիայում իսպանացիների շահերը պաշտպանելու համար»:

Ավելի վաղ Կատալոնիայի Ժեներալիտետի ղեկավար Կառլես Պուչդեմոնը վերստին անտեսել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի պահանջը՝ պատասխանել այն հարցին, թե նա հռչակել է արդյոք Կատալոնիայի անկախությունն Իսպանիայից: Հոկտեմբերի 19-ի իր նամակում Պուչդեմոնը հաստատել է անկախության մասին հռչակագրի կասեցումը, ինչպես նաեւ հայտարարել, որ մտադիր է Իսպանիայից Կատալոնիայի անկախությունը հռչակել, եթե Մադրիդը հրաժարվի այդ հարցի շուրջ երկխոսությունից: Ավելի վաղ տեղեկացվել է, որ Մադրիդում ստեղծվել է փորձագետների հատուկ խումբ՝ որոշելու՝ որ գործողությունները իրավաչափ կլինեն Իսպանիայի Սահմանադրությամբ նախատեսված պարտավորությունների կատարումից Կատալոնիայի հրաժարվելու դեպքում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: