«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության երեկվա նիստում կրկին խոսվեց պատվաստումների եւ համավարակի թեմայով, Նիկոլ Փաշինյանն անգամ նախատեց նախարարին' վատ աշխատանքի եւ պատվաստումների դանդաղելու համար, եւ ուժայիններին էլ հանձնարարեց՝ զբաղվել պատվաստումների դեմ հակաքարոզչություն անողներով։
Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո այս թեմայով նաեւ փակ խորհրդակցություն է հրավիրել եւ հանդիմանել Անահիտ Ավանեսյանին՝ ասելով, որ հնարամիտ եղանակներ մտածի ու վերահսկի ոլորտը: Նաեւ հանձնարարականներ է տվել ուժային կառույցներին ու տեսչական մարմիններին' ստուգայցեր կազմակերպել բուժհաստատություններ, նաեւ՝ քաղաքացիական հագուստով ու հակապատվաստումային քարոզ իրականացնող բուժաշխատողներին բերման ենթարկել եւ պատասխանատվության ենթարկել։
Երեկվանից իշխանական մամուլն էլ է գործի դրվել' տեղեկություններ են հրապարակում վաղվանից սկսվող ստուգումների, պատժիչ գործողությունների եւ չպատվաստվածների դեպքում քովիդի բուժումը վճարովի դարձնելու մասին: Անգամ թվեր են նշում' մեկ անձի բուժումը 800 հազար դրամ կարժենա: Տեռորի նպատակը պատվաստումների խթանումն է»: