ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հայտարարում է՝ մենք վիճակ ունենք, երբ պետպատվերը տրամադրվում է ծանոթներին, իշխանավորներին: Երբ նախարարը դեռ  նոր էր նշանակվել իր պաշտոնում, նա հայտարարեց, որ իրեն ժամանակ է պետք ոլորտի խնդիրները հասկանալու համար: Հիմա կարծես թե ամեն բան իր տեղն է ընկել. Ալթունյանն ամեն ինչ հասկացել է, ֆիքսել, միայն թե պայքարի տարբերակն ու դեղատոմսերը չգիտի:

Բայց դա էլ նրան պետք չէ. միշտ էլ կգտնվի հարմար արդարացում՝ փող չկա. «Եթե մենք ունենք սահմանափակ բյուջե, պետք է ապրենք սահմանափակ պայմաններում»,-ասում է նախարարը: Դժվար է ասել՝ սահմանափակ բյուջեն ինչ կապ ունի նրա հետ, որ ոլորտում համատարած կոռուպցիա է և անարդարությունները խրախուսող համակարգ: Իհարկե, այստեղ ֆինանսները կապ չունեն, սակայն դա հոյակապ արդարացում է Ալթունյանի համար: Եվ ոչ միայն նրա: Գերատեսչությունների ֆինանսավորման համատարած կրճատումների արդյունքում այժմ յուրաքանչյուր նախարար կարող է գլուխը ցավագին տմբտբացնել և ասել՝ դիմացեք, փող չկա՝ դրանով իսկ քողարկելով իր ապաշնորհ կառավարումը և ոլորտին չտիրապետելու փաստը: Եթե Ալթունյանի սիրտն այդքան ցավում էր ոլորտի ֆինանսավորման համար, ապա նա, իբրև նախարար, պարտավոր էր կառավարությանը համոզել, հիմնավորել, թե ինչու իր գերատեսչության ծախսերը չպետք է կրճատվեն: Նա դա չարեց: Հիմա Ալթունյանին մնում է միայն արձանագրել դաժան իրողությունը, իսկ մեզ՝ համակերպվել:

 

Ստելլա խաչատրյան