Վերջին օրերին՝ վարչապետ Փաշինյանը, խոսելով թոշակների բարձրացման հնարավորության մասին, նշել էր հետևյալը. «Թոշակները 1000 դրամով բարձրացնելու համար վեց միլիարդ դրամ է հարկավոր: Որտեղի՞ց այն: Մենք ասում ենք, որ այդ վեց միլիարդը կա ստվերում, եւ պետությունը ստվերի կրճատման հաշվին կարող է թոշակ բարձրացնել: Եվ թոշակառու տատիկը, եթե մեկ կգ շաքար գնելիս չի պահանջում ՀԴՄ կտրոն խփել, նրա թոշակը չի բարձրանա»:
Փաշինյանին հաջորդեց Երևանի քաղաքապետարանը, որն իր կայքում 2018թ–ին կատարած աշխատանքների հաշվետվությունն է հրապարակել և կազմակերպել հանրային քննարկումներ՝ արդեն արված և խոստացված գործերի մասին։ Չենք ուզում ասել, բայց ստիպված ենք. երևում է` խոստումները հենց այդպիսին էլ կմնան, քանզի քաղաքի բյուջեն «թույլ չի տալիս»։ Գրեթե ոչ մի բան թույլ չի տալիս։
Մարզերում հավելյալ ծրագրերի իրականացման համար նույնպես փող չկա, ավանդների վերադարձի համար՝ ևս:
Հպարտ քաղաքացիներին մնում է պարզապես նստել և սպասել ավելի լավ օրվան: Նոր իշխանությունները, սակայն, պարբերաբար հանրությանն են ներկայացնում զանազան բացահայտումների, օլիգարխների «մեղայականների» արդյունքում բյուջե մտած միլիոնների մասին: Հիմա ստացվում է՝ բյուջեն լցվել է, բայց փող չկա, իշխանությունները շարունակում են լացել: Կամ գումարները չեն մտել բյուջե, կամ մտել են, սակայն ոչ նպատակային օգտագործվել: Համենայն դեպս, գյուղացուն սերմացուի, թունաքիմիկատի, թոշակառուին՝ կենսաթոշակի գումար այդպես էլ չի ստացվում գտնել՝ մի բան այն չէ Դանիկական թագավորությունում, ինչպես կասեր դասականը…
Հետաքրքիր է՝ իրենց աշխատանքային գործունեության ընթացքում երբեւե ՀԴՄ կտրոն պահանջած կա՞ն այսօրվա բարձրաշխարհիկները, որ թոշակների բարձրացմանն սպասող խավին խորհուրդ են տալիս «պահանջել, անպայման պահանջել» ՀԴՄ կտրոնը (ականջը կանչի Հրանտ Թոխատյանի, որի ՀԴՄ կտրոնային լոտոն էլ փակվեց):